Լևոն Ալթունյանի՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցը սկսվել է բարի լուրով
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցը սկսվել է բարի լուրով։ Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի տնօրեն Սևակ Ավագյանը նախարարին և նրան ուղեկցող Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին տեղեկացրել է, որ երեկ գիշեր կենտրոնի զանգը ղողանջել է 3, իսկ նախորդ գիշեր 7 անգամ՝ ավետելով նույնքան երեխաների լույս աշխարհ գալու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՕՄ-ի կողմից ստեղծված այս բուժհաստատությունն արդեն 20 տարի է, ինչ իրականացնում է Ախուրյանի նախկին վարչատարածքի 7 գյուղերի մանկական ազգաբնակչության, ինչպես նաև կանանց ու հղիների գինեկոլոգիական բուժօգնությունը։ Բնակչության վստահության մասին է խոսում այն հանգամանքը, որ 2005թ. ծավալված մանակաբարձագինեկոլոգիական ստացիոնար բաժանմունքում արձանագրվող ծնունդներն ամենաշատն են մարզի ծննդօգնության այլ հիմնարկությունների համեմատ։
Լևոն Ալթունյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծառայություններին, ցուցանիշներին, ինչպես նաև հիվանդների առողջական վիճակով։ Այստեղ իրականացվում են ոչ միայն ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիական և այլ հետազոտություներ, այլև մամոգրաֆիական, որն, ի դեպ, մարզում եզակի է։
Լևոն Ալթունյանը կենտրոնի բուժանձնակազմի հետ քննարկել է ինչպես առկա խնդիրների լուծման հնարավորությունները, այնպես էլ՝ հետագա զարգացման հեռանկարային ծրագրերը։
Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Ախուրյանի բժշկական կենտրոն, որի պոլիկլինիկան սպասարկում է շրջակա գյուղերի 39 հազար բնակչությանը։ Չնայած շենքային սուղ պայմաններին, 15 մահճակալով ստացիոնարում իրականացվում են ընդհանուր պրոֆիլի վիրահատություններ։
Կենտրոնի ղեկավարությունը նախարարին խնդրել է շտապօգնության ծառայությանը հատկացնել մեկ մեքենա, քանի որ շրջակա 35 գյուղի սպասարկումը՝ այն էլ միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհներով և հատկապես ձմռան ամիսներին, խիստ դժվար է ունեցած հնամաշ միակ մեքենայով։ Նախարար Ալթունյանը խոստացել էվ կենտրոնին հատկացնել շտապօգնության նոր մեքենա։
Մարզ կատարած այցի առաջին կանգառից ստացած տպավորությունները կիսելով լրագրողների հետ՝ Լևոն Ալթունյանն ասել է. «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնից ստացած տպավորությունը միանշանակ դրական է։ Ուրախալի է, որ մահճակալների 87 տոկոս հագեցվածության պայմանում չկան բարդություններ և դժգոհություններ։ Դա խոսում է բժշկական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ կառավարման մասին։ Ինչ վերաբերում է Ախուրյանի բժշկական կենտրոնին, ապա ակնհայտ է, որ շենքային պայմանների և այլ բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Անցած տարվա նոյեմբերից նախարարությունում ստեղծված համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրություններ է կատարում ոլորտի ճարտարապետության համակարգային փոփոխություններ կատարելու նպատակով»։
Ուշագրավ է, որ Ախուրյանի երկու բժշկական հաստատություններում էլ ակտիվորեն ինտեգրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգին։