Ծանրորդներն ավարտեցին ուսումնամարզական հավաքը
Ծաղկաձորում ավարտվել է հայ ծանրորդների ուսումնամարզական հավաքը, որին հրավիրված էին 10 մեծահասակներ եւ 11 պատանիներ: Մարզիչները ծաղկաձորյան հավաքում հիմնական ուշադրություն դարձրել են մարզիկների տեխնիկական և արագաուժային որակներին: Երկու հավաքականներն էլ համատեղ հաջորդ հավաքը կշարունակեն մարտի 6-ից՝ Աբովյան քաղաքում:
«Մարզումներն անցկացնում էինք համատեղ: Մեծահասակները նախապատրաստվում են ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, պատանիները՝ նույն ժամանակահատվածում Թաիլանդում նշանակված այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությանը», - ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Հավելենք, որ մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնություն մեկնելու է Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, իսկ պատանիների հավաքականը՝ Էդիկ Կիզողյանի: