Բեռլուսկոնի. «Չէի ասի, որ չինացիները հրաժարվում են «Միլանը» գնելուց»
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին վստահեցրել է, թե այն բանից, որ ակումբի վաճառքի գործարքը կրկին հետաձգվել է, չարժե անհանգստանալ։ Սպասվում էր, որ մարտի 3-ին «Միլանը» վերջնականապես կանցնի «Sino-Europe Sports» ընկերությանը։ Սակայն ակումբի վաճառքի ժամկետը չինական կողմի խնդրանքով երկարաձգվել է մեկ ամսով։
«Չէի ասի, որ չինացիները հրաժարվում են «Միլանը» գնելուց։ Նրանք խնդրել են կարճ ժամանակով երկարաձգել գնման գործընթացը, և ես անհանգստանալու պատճառ չեմ տեսնում,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Մենք խոսում ենք ֆինանսական օպերացիայի մասին, որը ոչ միայն հսկայական գումար արժե, այլև շատ բարդ է չինական օրենսդրության պատճառով։ Ավելին՝ գնորդներն արդեն զգալի գումարներ են ներդրել ակումբում՝ իրենց մտադրությունների լրջությունն ապացուցելու համար։ Դա կարևոր է ոչ միայն «Fininvest»-ի, այլև «Միլանի» երկրպագուների համար։
Միշտ ասել եմ, որ ակումբը միայն նրանց կվաճառեմ, ովքեր ի վիճակի են երաշխավորել կրկին «Միլանը» մեծագույն դարձնելու ցանկությունն ու հնարավորությունները։ Ինձ համար շատ ցավալի է ակումբի վաճառքը։ Ես գնել եմ այն, աճեցրել, տարել դեպի հաղթանակներ։ Եվ այդ ամենը սեր էր, այլ ոչ թե ներդրում։
Ֆանատները հանգիստ են։ Եթե պայմանները չպահպանվեն, անմիջապես կվերադառնամ։ Սակայն ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ դա տեղի կունենա»։
Սպասվում է, որ ապրիլի սկզբին գործարքը, այնուամենայնիվ, կավարտվի։