Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է 2016 թ. «Մաշտոց» հիմնադրամի ներկայացրած «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրված է Ոսկան Երևանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին: Մատենադարանից տեղեկացնում են, որ գիտաժողովը տեղի կունենա 2017 թ. սեպտեմբերին։
Ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում կկազմակերպվի միջազգային գիտաժողով և թեմատիկ ցուցադրություն, ինչպես նաև կհրատարակվի երկլեզու ալբոմ-ուսումնասիրություն` նվիրված այդ հրատարակությանը:
Ոսկան Երևանցի (նաև՝ Ոսկան Ջուղայեցի) ծնվել է 1614 թվականին Նոր Ջուղայում: Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի ծխատեր քահանայի մոտ, ապա հաճախել Խաչատուր Կեսարացու Ամենափրկիչ վանքի դպրոցը, այնուհետև Երևանում Խաչատուր Կեսարացու և Սիմեոն Ջուղայեցու հետ աշակերտել Մելքիսեդ Վժանեցուն: Մոտ 1634-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հրավերով Նոր Ջուղայից եկել է Էջմիածին, Ուշիի Ս. Սարգիս վանքում նշանակվել վանահայր:
Ոսկան Երևանցին, իր հետ ունենալով Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարականը, 1662-ին մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: Նախ գնացել է Լիվոռնո, ապա՝ Հռոմ, որտեղ ջանացել է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն: Սակայն նրա բոլոր ջանքերն ի դերև են անցել, և նա մեկնել է Ամստերդամ, 1664-ի աշնանը ստանձնել Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվան տպարանի (1660-ին հիմնել էր Մատթեոս Ծարեցին) տնօրինությունն ու ձեռնարկել Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները: Փորագրիչներին պատվիրել է նոտրգիր, նոր տեսակի գլխատառեր և թռչնագրեր, բնագիրը պատրաստել տպագրության ու իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել տպագրությունը: Տպագրության համար իբրև հիմք-բնագիր, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի անունով հայտնի գրչագիր Աստվածաշունչը, որը գրվել էր 1295-ին՝ Հեթում Բ-ի պատվերով (Մատենադարան, ձեռ. դ 180): Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Վուլգատայի, տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել Հին կտակարանի մի քանի գրքեր, որոնք չեն եղել հայերեն Աստվածաշնչում (և նրա կանոնում):
Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 թ. մարտի 11 – 1668 թ. հոկտեմբեր 13): Տպագրությունը կատարված է վարպետորեն: Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ և ձախ զարդանկարների մեջ Հավատ և Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են: Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝ կարմիր կաշեպատ, հաստ տախտակից: Գործածված են յոթ տեսակ տպագրատառեր (խոշոր և փոքր զարդագիր, խոշոր և փոքր գլխագիր, խոշոր և փոքր բոլորգիր, Ոսկանի նոտրգիր): Գրեթե բոլոր նկարները գերմանացի Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն են, որոնք կատարվել են Ռաֆայելի, Ալֆրեդ Դյուրերի, Հենդրիկ Գոլցիուսի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից:
Ոսկանյան Աստվածաշունչը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում