Նաիրա Զոհրաբյանը տավուշցիներին հորդորում է չհավատալ ոչ իրատես ծրագրով քաղաքական ուժերին
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը նախընտրական քարոզաշրավի շրջանակում այսօր շրջել է Տավուշի մարզի հինգ գյուղերով, ելույթներ ունեցել և հայտարարել, որ ապրիլի 2-ը իշխանափոխության օր է լինելու:
Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե ՀՀԿ-ն ասում է՝ այս տարիների ընթացքում այնքան գործ է արել ժողովրդի համար, որ մարդիկ ապրիլի 2-ին երգ ու պարով ընտրելու է իրենց:
«Բա ինչո՞ւ են դռնեդուռ ընկած վախեցնում, ահաբեկում, որ հանկարծ չգնաք հանրահավաքներին, գործից կհանենք և այլն: Ասում եք, որ դուք էնքան լավ իշխանություն եք, էս ժողովուրդն էլ ձեր նկարը պատերին դրած 7 հառ մոմ է վառում: Բա ինչո՞ւ եք վախենում, դե, եկեք հանդիպեք ժողովրդին, ոնց որ՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներս, ոնց որ՝ Գագիկ Ծառուկյանը, կանգնեք, բաց ճակատով նայեք ժողովրդին: Չեն կարող, որովհետև գիտեն՝ պատառ-պատառ, բզիկ-բզիկ կանեն, եթե մեկը համարձակվի գա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Դիմելով տավշցիներին՝ ասաց, որ մեկ անգամ պետք է վճռական լինել. «Ազգովի պետք է մեր մեջ գտնենք այդ վճռականությունը՝ ապրիլի 2-ին վերջակետ դնելու այս իշխանության վրա»:
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքը իրատեսական ծրագիր է առաջարկում: «Այս վիճակում գտնվող ժողովրդին խաբելը: Հիմա էստեղ են գալու քաղաքական ուժեր և խոստումներ կտան, թե ձեր ավանդները մեկ օրում կվերադարձնեն, որ աշխատավարձը կդարձնեն 1000 դոլար: Չհավատաք ժողովուրդ, հարգանքի արժանի չէ այն քաղաքական ուժը, որը քվե պոկելու համար իր քաղաքացուն խաբում է: Մենք գրել ենք իրատեսական ծրագիր, նշել 15 կետ, որը կկանգնեցնի երկրի փլուզումը» ,- ընդգծեց նա:
Նաիրա Զոհրաբյանը տավուշցիներին հորդորեց չհավատալ այն քաղաքական ուժերին, եթե նրանք իրենց հետ հանդիպման ժամանակ հայտարարեն, որ, օրինակ, նվազագույն աշխատավարձը կբարձրացնեն 200 հազար դրամի, թոշակը՝ 50 հազարով և այլն: Ըստ նրա՝ թոշակը հնարավոր է առավելագույնը բարձրացնել 25 հազար դրամով, իսկ նվազագույն աշխատավարձը հասցնել 80 հազար դրամի:
Ըստ նրա՝ իրենց ծրագրում ներկայացրել են այն ուղիները, արել են տնտեսական հաշվարկներ: «Մենք ձեզ առաջարկում ենք արժանապատիվ ծրագիր, իհարկե դա կյանքի կկոչվի, եթե «Ծառուկյան» դաշինքը ստանա 50+1 ձայն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին