Սևծովյան առևտրի և զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի բիզնես միջավայրին առնչվող նախագծերի մշակմամբ ու իրագործմամբ
Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, կողմերը քննարկել են ներկա համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը:
Այս համատեքստում ՀՀ ֆինանսների նախարարը շեշտել է, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից նախագծվող և իրականացվող ծրագրերը բավականաչափ առանձնահատուկ են, և որ բանկը կարողանում է իրականացնել էապես տարբերվող արդյունավետ քաղաքականություն:
Վարդան Արամյանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որը թույլ կտա գաղափարները վերածել նախագծերի` առաջիկայում ցանկալի արդյունքներ արձանագրելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի կողմից իրականացվում են մասնավոր հատվածի վարկավորման միջոցով ներդրումային ծրագրեր` ՀՀ ֆինանսների նախարարը հղում է կատարել 2016թ. հոկտեմբերին Նյու-Յորքում կայացած ներդրումային ֆորումին: Նախարարը նշել է, որ ներկայումս ներդրումների ներգրավման մեծ պոտենցիալ ունեն հեռահաղորդակցման, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներ: Միաժամանակ ներդրումների ներգրավման տեսանկյունից արդյունավետ համագործակցության ծրագրեր կարող են իրականացվել ազատ տնտեսական գոտիներում:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակության ղեկավարը նշել է, որ մասնավոր հատվածի վարկավորման հիմնահարցերին է ուղղված մարտի 7-ին կայանալիք ֆորումը, որի շրջանակներում կներկայացվեն բանկի կողմից Հայաստանում իրականացվելիք ռազմավարությունն ու բանկի կողմից առաջարկվող հիմնական պրոդուկտները:
Բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասը հույս է հայտնել, որ երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսությունը արդյունավետ ներդրումային ծրագրերի միջոցով:
«Մեզ համար շատ հաճելի է հանդիպել ֆինանսների նախարարին և քննարկել վաղը կայանալիք բիզնես ֆորումի հետ կապված հարցերը: Բիզնես միջավայրի գրեթե հինգ տասնյակ ներկայացուցիչներ մասնակցելու են միջոցառմանը, այնուհետև լինելու են երկկողմ հանդիպումներ: Մենք հետաքրքրված ենք Հայաստանի բիզնես միջավայրին առնչվող նախագծերի մշակմամբ ու իրագործմամբ` ակնկալելով շարունակական համագործակցություն»,- նշեց Ցոկասը: