Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան 50,000 եվրոյի մարզագույք կստանա
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան բրենդային մարզագույք կնվիրի Հայաստանի ֆեդերացիան, որը բավական թանկ արժե: ֆրանսիական «Gymova» ապրանքանիշի արտադրության նոր գործիքները` պտտաձող, զուգափայտ, օղակ և հարթակ ազատ վարժությունների համար, շուտով կլինեն Հայաստանում, եթե արագ կազմակերպվի դրանց տեղափոխության հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
«Որոշումն արդեն կայացվել է: Այս գործիքները կիրառվում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Պայմանավորվածություն ունենք, պաշտոնական նամակը եկել է, հիմա մեր ֆեդերացիան պետք է կազմակերպի տեղափոխությունը: Իհարկե, այս գործիքները մարզաձևի զարգացման հարցում կարևոր դերակատարում կունենան: Կարող եմ ասել, որ դրանք ընդհանուր առմամբ կարժենան մոտ 50,000 եվրո»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Հավաքականի մարզիչը նաև նշեց, որ նախորդ տարվա համեմատ սպորտային մարմնամարզության համար նախատեսված բյուջեն ավելացել է 20 մլն դրամով: Նախորդ տարի այն կազմում էր 21,000 մլն դրամ, հիմա դարձել է 41 մլն դրամ:
«Խնդիրն այն է, որ բյուջեից ստացած գումարով մենք իրավունք չունենք գործիքներ գնել և որևէ այլ բանի վրա ծախսել: Այն նախատեսված է միայն ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու և մրցումների մասնակցելու համար»,- ասաց մարզիչը: