Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնի 4 մարմնամարզիկ
Հայաստանի սպորտային մարմնմամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է օրերս ավարտված Հայաստանի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքներից: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց գլխավոր մարզիչն ու նաև խոսեց առանձին մարզիկների ու հետագա անելիքների մասին:
«Սպասելիքներն արդարացան: Ես շատ գոհ եմ: Վահագն Դավթյանն օղակների վրա կարողացավ բարդացված նոր ծրագիրը հաջող կատարել, իհարկե կային սխալներ, սակայն դրանք կշտկվեն: Գոհ եմ Հարություն Մերդինյանից, ով սառույցի վրա կոտրել էր ձեռքը, սակայն ծուռ կպած ձեռքով կարողացավ հաջող մասնակցություն ունենալ: Դժգոհ եմ Արթուր Թովմասյանից: Ոտքի վնասվածքից հետո նա ամբողջովին ապաքինվել է, սակայն չկարողացավ անել այն, ինչին սպասում էինք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Մարզիչը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր Օլիմպիական ցիկլից հետո տեղի են ունենում փոփոխություններ: Այս անգամ ևս իրենք մասնակցել են, վերապատրաստվել են, քննություն են հանձնել, որպեսզի տեղյակ լինեն տեղի ունեցող վերջին փոփոխություններին, որոնք քիչ չեն:
«Բարդությունների, էլեմենտների տարրեր կան, որոնք փոխվել են` մեկը բարդացվել է, մեկը իջեցվել: Այս փոփոխություններն ամենաշատը կազդեն Արթուր Դավթյանի վրա: Ավելի դժվարացել է նրա գործը և չի կարող կատարել 2 ցատկ, ինչպես նախկինում, հակառակ դեպքում միջազգային կանոնադրությամբ 2 միավոր կհանեն 2-րդ ցատկից: Մտածել ենք նոր ցատկ, որը կմշակենք ուսումնմարզական հավաքների ժամանակ: Այն կլինի անվանական և կկոչվի Արթուր Դավթյանի անունով: Առաջ չընկնենք և տեսնենք, թե ինչպես կստացվի»,- նշեց մարզիչը:
Հակոբ Սերոբյանն ավելացրեց, որ այս տարի Հայաստանի առաջնությունում կար մրցակցություն, ինչն արդեն գովելի է և հատկապես ուրախալի է, որ մեծահասակների հետ զուգահեռ հիանալի մրցելույթներ ունեցան երիտասարդները, ովքեր կմասնակցեն երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և կփորձեն Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել:
Հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ մարտի 9-ին տղաները Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ կմեկնեն Դոհա, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն, իսկ 11-օրյա հավաքից հետո` մարտի 20-25-ը, կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: Այստեղ Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկներ` Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանը: