Նոր հարձակման համար Ադրբեջանը ռեսուրսներ չունի. քաղաքագետ
«Հայկական կողմի դեմ նոր հարձակման համար Ադրբեջանը ռեսուրսներ չունի։ Ռեսուրսների բացակայությունը նա կոմպենսացնում է պատերազմի իմիտացիա անելով՝ սեփական հասարակության ուշադրությունն այսպիսով շեղելով ներքաղաքական բազմաթիվ խնդիրներից։ Ապրիլյան պատերազմում կրած կորուստներից հետո Ադրբեջանը ձգտում է ամեն ինչ սկսել զրոյից՝ իրեն ձեռնտու տարբերակով»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ադրբեջանի տնտեսության մեջ ֆինանսական ու նաև պարենային ճգնաժամի հետքեր կան։ Այդ երկրի համար ավելի ու ավելի դժվար է դառնում հարաբերություններ կառուցել Արևմուտքի և Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է մեզ, ապա Հայաստանի կողմից բավական լուրջ դիվանագիտական աշխատանք է տարվում։ Ասվածի վառ օրինակն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, ինչպես նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ միչև տարեվերջ կարող ենք ունենալ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող մեկ երկիր»,- նկատեց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, պակաս կարևոր չէ նաև հայկական կողմի մարտական զգոնությունը, որն Ադրբեջանին ստիպեց ընդունել իր վերջին կորուստները։ Բայց եթե այդ երկիրը փորձի հաջողությունների հասնել ռազմական գործողությունների արդյունքում, ապա հայկական կողմերին այլ բան չի մնա, քան հակառակորդին դիմագրավել կամ ռազմական, կամ դիվանագիտական գործողություններով, այս դեպքում՝ ԼՂՀ ճանաչմամբ։
«Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հաղթահարել ներքին և արտաքին խնդիրները, իսկ պատերազմն իշխանության դեմքը փրկելու լավ հնարավորություն է։ Այդ է պատճառը, որ հակառակորդն անընդհատ մարտական ակտիվ գործողությունների իմիտացիա է ստեղծում։ Ամեն դեպքում, մենք չպետք է թերագնահատենք Ադրբեջանից եկող սպառնալիքները։ Պատերազմի պետք է պատրաստվել՝ թեկուզ միայն նրա համար, որ պատերազմ թույլ չտաս։ Միաժամանակ, Բաքուն պետք է հասկանա, որ Երևանում և Ստեփանակերտում չեն պատրաստվում անընդհատ զոհեր հանդուրժել»,- ընդգծեց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան գնահատակով՝ սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է շոշափել միջազգային հանրության և իր անմիջական հարևանների տրամադրությունները, թե նրանք ինչպես կվերաբերեն նոր պատերազմին։ Ըստ քաղաքագետի համոզման՝ Ադրբեջանը միաժամանակ, գիտակցում է, որ բացի Թուրքիայից՝ ուրիշ ոչ մի երկիր նրան պատերազմ սկսելու երաշխիքներ չի կարող տալ, ասաց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Իրադրությունը շփման գծում մնացել է լարված. Արցախի ՊՆ
- Առաջիկա ամիսներին ԼՂ շուրջ բախման հավանականությունը մեծ է. Զեկույց
- Հայաստանը չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ. ՀՀ նախագահ
- Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը. Արցախի ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է կատարում
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն էսկալացիոն պրոցեսների մղող քայլերի է գնում