Երիտասարդ ըմբիշները Յակուտսկում 3 մեդալ նվաճեցին
Սախայի մայրաքաղաք Յակուտսկում ավարտվել է Ռոման Դմիտրիևի ազատ ոճի ըմբշմարտի 5-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են 14 երկրի 165 ուժեղագույն ըմբիշներ: Այս կարևոր մրցաշարին, որը միջազգային ֆեդերացիայի օրացույցում տեղ գտած երիտասարդ ըմբիշների ամենահեղինակավոր ստուգատեսների թվին է պատկանում, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիատասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ մասնակցում էին 11 ըմբիշներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը, 8 քաշային կարգերում երկօրյա պայքարում խաղարկվել են 32 մեդալներ, որոնցից 3-ը հաջողվել է նվաճել ՀՀ ներկայացուցիչներին: 84 կգ քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Մխիթարյանն ու գերծանր՝ 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը նախնական փուլերում պարտության են մատնել իրենց բոլոր մրցակիցներին ու հասել եզրափակիչ:
Վճռորոշ գոտեմարտերում հաջողությունն ուղեկցել է նրանց մրցակիցներին: Մխիթարյանը զիջել է Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից Արկադի Պողոսյանին, իսկ Մաղաքյանն էլ իրանցի Նաիմ Հասանզադեին, և երկուսն էլ արժանացան արծաթե պարգևի: 84 կգ քաշային կարգում հաջող հանդես եկած ՀՀ ևս մեկ ըմբիշ՝ Մհեր Մարկոսյանը, բավարավել է բրոնզե մեդալով:
Յակուտսկի հուշամրցաշարից հետո մեր երիտասարդ ըմբիշների համար հաջորդ կարևորագույն մրցումն ապրիլի 6-8-ը Երևանում կկայանա 2017 թ. Հայաստանի երիտասարդական առաջնությունն է, որի արդյունքներով կձևավորվի ՀՀ երիտասարդական ընտրանին: Վերջինս էլ կսկսի նախապատրաստվել 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի է ունենալու հունիսի 27-ից հուլիսի 2-ը` Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: