Ամերիկացի հոգեբաններ. Սոցցանցը խորացնում է միայնության զգացողությունը
Սոցիալական կայքերը, այդ թվում նաև Թվիթերը, Ֆեյսբուքը, Փինթերեսը, մարդկանց մոտ խորացնում է միայնության զգացողությունը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ամերիկացի հոգեբանների զեկույցում:
Մասնագետները նշում են, որ եթե մարդ ամեն օր սոցիալական ցանցում անցկացնում է երկու ժամից ավելի, նրա մոտ կրկնապատկվում է սոցիալական մեկուսացման վտանգը: Ուսումնասիրության համաձայն, սոցցանցերի էջերում մարդկանց իդեալականացված կերպարը կարող է ստիպել մարդուն նախանձ զգալ: Նման կայքերի թվին է պատկանում նաև Ինսթագրամը և այնպիսի հարթակներ, ինչպիսին են Snapchat-ը և Tumblr-ը:
«Մենք դեռևս հստակ չգիտենք, թե որն է ավելի շուտ տեղի ունենում՝ սոցցանցից օգտվելը կամ սոցիալական մեկուսացման զգացումը: Հնարավոր է, երիտասարդները, ովքեր նախապես զգում են սոցիալական մեկուսացում, դիմում են սոցցանցին: Կամ էլ սոցցանցից հաճախակի օգտվելը ինչ-որ կերպ առաջացնում է իրական աշխարհից մեկուսացման զգացողություն»,- նշել է ուսումնասիրության համահեղինակներից մեկը:
Հետազոտության համաձայն, ինչքան շատ ժամանակ մարդ անցկացնում է ինտերնետում, այնքան ավելի քիչ ժամանակ է մնում իրական կյանքում շփման համար:
Ուսումնասիրության համար անցկացված հարցմանը մասնակցել է 19-32 տարեկան 2000 մարդ: Հետազոտողները նշում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները շատ դեպքերում բարդացնում են շփումը, այլ ոչ թե հեշտացնում այն:
«Չնայած առաջին հայացքից թվում է, թե սոցցանցերը հնարավորություն են տալիս լրացնել այդ սոցիալական դատարկությունը, բայց այս ուսումնասիրությունը խոսում է այն մասին, որ դրանք կարող են լինել խնդրի ոչ այն լուծումը, ինչ մարդիկ հույս ունեին ստանալ»,- ասել է պրոֆեսոր Պրիմակը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին