Չնայած արգելքին՝ Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը միացել է Թվիթերին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թվիթեր սոցիալական ցանցում անձնական հաշիվն է բացել, չնայած նրան, որ հենց ինքն Իրանում սոցկայքի արգելափակման ակտիվ կողմնակիցներից է եղել: Գազետա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ քաղաքական գործիչն իր առաջին թվիթը գրել է անգլերեն, այնուհետև հրապարակել է տեսանյութ, որն ապացուցում է, որ այդ հաշիվն իսկական է:
Գրառմամբ նա կոչ է արել մարդկանց սկսել կարդալ իր հաշիվը՝ @Ahmadinejad1956:
Իր հաշվի նկարագրության մեջ նա նշել է, որ «ամուսին է, հայր, պապիկ, պրոֆեսոր, նախագահ, քաղաքապետ, Իրանի հպարտ քաղաքացի»:
Չնայած նրան, որ Թվիթերն արգելափակված է Իրանի քաղաքացիների համար, բազմաթիվ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ նախագահը և ԱԳ նախարարը, կանոնավոր հրապարակում են նոր թվիթներ:
Սոցիալական կայքի օգտատերերը շտապել են հիշեցնել Ահմադինեժադին այն մասին, որ 2009 թվականին հենց նրա վերընտրվելուն դեմ ուղղված բողոքի ակցիաների պատճառով Թվիթերն արգելափակվել է Իրանի տարածքում: