Հակոբ Սերոբյան. «Գոհ եմ հավաքականի տղաներից»
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ամփոփելով Հայաստանի առաջնության արդյունքները, ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին ասել է, որ գոհ է ազգային հավաքականի անդամների մրցելույթներից:
«Մարզիկներից գոհ եմ: Նոր վարժություններ ենք կատարում: Առաջնության ընթացքում նոր տարրեր կատարվեցին, բայց առաջիկայում պետք է դրանք բարդացնենք: Շատ գոհ եմ նժույգի վրա Մերդինյանի ցուցադրած վարժությունից, ինչը չէի ասի նախորդ օրվա մասին: Հարությունն իսկական պրոֆեսիոնալ է: Չնայած նախադաստակի վնասվածքին, ծրագիրը կատարեց բարձր մակարդակով: Մնում է՝ սառնասրտություն պահպանի միջազգային խոշորագույն մրցաշարերում: Հուսամ` այդպես էլ կլինի:
Օղակների վրա բավական բարդ ծրագիր կատարեց Վահագն Դավթյանը:
Արթուր Դավթյանը պետք է բարդացնի հենացատկի վարժությունը, ինչը հեշտ չի լինի:
Մարմնամարզությունում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Տեսնենք, թե ինչ գնահատականներ կստանան մեր մարզիկները Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի փուլում, ինչից հետո կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը»,- նշել է Հակոբ Սերոբյանը:
Գլխավոր մարզիչը համարում է, որ այսօր ազգային հավաքականի առաջատարների թիկունքում տաղանդավոր պատանիներ են աճում:
«Հաճելիորեն զարմացրեցին պատանի մարմնամարզիկները: Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցեց Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, 2004 թվականին ծնված Էրիկ Բաղդասարյանը: Տղան հաջող ելույթ ունեցավ մեծերի խմբում և վատ արդյունք ցույց չտվեց:
Իրեն լավ դրսևորեց նաև Ժորա Սմբատյանը:
Այս պատանիները պետք է պայքարեն 2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար, ուստի պետք է տեղ զբաղեցնեն Եվրոպայի առաջնության 16 ուժեղագույն մարմնամարզիկների ցանկում: Պատանեկան խաղերին յուրաքանչյուր երկրից մեկական մարզիկ կարող է մասնակցել: Տղաների ծրագիրը կբարդացնենք, և վստահ եմ, որ կարող ենք վարկանիշ նվաճել»,- ավելացրել է Հակոբ Սերոբյանը: