Ս. Օհանյան. Մերժել եմ բոլոր այն պաշտոնները, որոնք առաջարկվել են
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում եղել են Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Բերդի բնակիչներից մեկը հարց է ուղղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Սեյրան Օհանյանին, թե «ինչո՞ւ այսքան ուշ որոշեց լինել ժողովրդի հետ»:
«Լինելով կառավարության մեջ, ներկայիս կառավարման համակարգում՝ երկար եմ մտածել համապատասխան որոշում ընդունելու համար: Բայց վերջին տարիների լարվածությունն ինձ ստիպել է, որպեսզի ես լինեմ պաշտապանության նախարարի պաշտոնում 2014-16 թվականներին: Բայց միշտ էլ ժողովրդի հետ եմ եղել»,- ասաց նա:
Ս. Օհանյանի խոսքով, իր համար զինվորը և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մանավանդ սահմանամերձ բնակավայրերի, նույն հարթության վրա են: Նա նշեց, որ բավականին լուրջ աշխատանք է տարել քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու համար, բավականին մեծ միջոցառումներ են իրականացրել բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ:
«Ներսից տեսել եմ բոլոր այն թերությունները, որոնք կան կառավարման համակարգում, զգացել եմ այն ցավը, որ այսօր ապրում է մեր ժողովուրդը տարիների ընթացքում: Նոր կառավարության ձևավորման ընթացքում հանգիստ հրաժեշտ եմ տվել նախկին պաշտոնին, մերժել եմ բոլոր այն պաշտոնները, ընդ որում բարձր պաշտոններ, որոնք առաջարկվել են: Որոշումը եղել է ժամանակին, այսօրվա կառավարման համակարգի փոփոխության ժամանակ, նոր կառավարության ձևավորման ընթացքում»,-ասաց Ս. Օհանյանը՝ հավելելով, որ իշխանությունների փոփոխությունը պետք է բերի թարմություն:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ, պարզապես լուծողներ են պետք. Ս.Օհանյան
- «Հերի՛ք է». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը