«Հերի՛ք է». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը:
«Մենք ակնկալում ենք հանրության քվեն ու ձգտում ենք իշխանության, որ կերտենք այնպիսի երկիր, որտեղ արտագաղթի մասին որևէ մեկը չմտածի, և որտեղ կլինի ներգաղթ: Մենք գիտենք այն հստակ քայլերը, որոնցից հետո հայրենադարձություն և ներգաղթ կսկսվի, իսկ արտագաղթը կմնա անցյալում: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արդար և ազատ ընտրությունների անցկացումը դարձել է երազանք: Մենք ապրում ենք իրական աշխարհում, բայց անիրական քաղաքականությամբ և տնտեսությամբ: Մարդը հեռացվել է իշխանությունից, հեռացվել է տնտեսությունից: Մենք համոզված ենք՝ այսպես այլևս հնարավոր չէ շարունակել: Հերի՛ք է: »,-ասված է տարածած ծրագրում:
Ինչպես փոխանցում են դաշինքի մամուլի հետ կապերի պատասխանատուները, ծրագրի հիմքում դրված է երկու սկզբունք՝
« Ներառված են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարեևորագույն խնդիրները։ Մենք ասում ենք, որ փոփոխությունների արդյունքները պետք է երևան ոչ թե հեռավոր ապագայում, ոչ թե անորոշ տասնամյակներ հետո, այլ իրական կյանքում և հիմա։ Կան խնդիրներ, որոնք կարելի է և պետք է լուծել շատ արագ՝ հաշված օրերի ընթացքում: Կան խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք, բայց մարդիկ պետք է տեսնեն, որ այդ ուղղությամբ ամեն օր կոնկրետ և հստակ աշխատանք է իրականացվում»:
Դաշինքն առաջարկում է. «Վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը, ձևավորել մրցակցային դաշտ այն ոլորտներում, որտեղ այսօր իշխում է արհեստական մենաշնորհը, բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա և տեղական ներդրումների համար, փոքր՝ մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով, աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզեսի համար, ավելացված արժեքի հարկը սահմանել 18 տոկոս»:
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ դաշինքը նշում է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության: Մեր դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը: Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ու զարգացման հարցն ամբողջ 10–միլիոնանոց հայության հարցն է»:
Ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում ժողովրդագրական խնդիրները լուծելու ինչպեսև արտագաղթը ներգաղթով փոխարինելու համար դաշինքը խոստանում է երիտասարդ ընտանիքների աջակցության համար իրականացնել համալիր ծրագրեր, առաջին երեխայի ծնունդից հետո ծնողներին տրամադրել 100 000 հազար դրամ, երկրորդի դեպքում` 500 000, երրորդի՝ 1 միլիոն դրամ, չորրորդի՝ 2 միլիոն դրամ, ձևավորել, այսպես կոչված, 3 միլիոն դրամանոց մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, երեխայի ծննդյան ամենամսյա նպաստը 18 000 դրամից հասցնել 30 000-ի ևվճարել մինչև երեխայի երեք տարին լրանալը։
Մյուս ոլորտներին առնչվող դրույթները այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Իրականում գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն. Ս. Օհանյան
- Ի՞նչ է խոստանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը
- «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը եզակի է նույնիսկ աշխարհում. Արմեն Մարտիրոսյան