Առաջին անգամ աշխարհի առաջնության 30 լավագույնների մեջ ընդգրկված է հայ դահուկորդ
Ֆինլանդիայում ավարտվել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամփոփել է հայ մարզիկների արդյունքները` նշելով, որ հիմնական ակնկալիքներն ունեին Սերգեյ Միքայելյանից, ով էլ արդարացրեց սպասելիքները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
«Առաջին անգամ աշխարհի առաջնությունում 30 լավագույնների մեջ ներկայացուցիչ ունեցանք: Մասնավորապես, 30 կմ սկիատլոնում (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) Սերգեյը 29-րդն էր: Սա ապացույցն է այն բանի, որ նրա մոտ նկատելի աճ կա: Սերգեյը գրեթե մեկ մրցաշրջան բաց էր թողել վնասվածքի պատճառով: Հիմա վերականգնման փուլում է: Աստված տա` լիովին ապաքինվի և ավելի լավ արդյունքներ գրանցի:
Այս առաջնությունում Սերգեյն առաջին անգամ մասնակցեց 50 կմ ազատ ոճի մեկնարկին: Փառք ու պատիվ նրան: Մոտ 70 մասնակիցների մեջ նա կարողացավ եզրագիծը հատել 41-րդ տեղում: Հուսանք, որ Սերգեյը նորից կհաղթահարի նման տարածություններ»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Խոսելով մյուս դահուկավազորդների մասին` Գագիկ Սարգսյանն ասել է, որ նրանք կատարել են իրենց առաջ դրված նվազագույն խնդիրը:
«Կատյա Գալստյանն ու Թադևոս Պողոսյանը հաղթահարեցին դասակարգման փուլը, սակայն աշխատելու տեղ ունենք: Միքայել Միքայելյանը վատառողջ էր և չկարողացավ մասնակցել առաջնությանը: Ընդհանուր առմամբ` մեր սպասելիքներն արդարացան»,- ասել է Սարգսյանը:
Աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո Թադևոս Պողոսյանը մասնակցել է համաշխարհային զինվորական խաղերին՝ մոտ 50 մասնակիցների մեջ զբաղեցնելով 24-րդ տեղը: Հայ դահուկավազորդները մի քանի օրից Ավստրիայում կմասնակցեն կենտրոնական Եվրոպայի պետությունների գավաթին: Այնուհետև Սերգեյ Միքայելյանը կմեկնի Խանտի Մանսիսկ: Այնտեղ նա հանդես կգա Ռուսաստանի բաց առաջնությունում: