
Եկել ենք ասելու, որ ելք կա. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի պատգամավորները նախընտրական քարոզարշավն այսօր սկսեցին Երևանի Ավան վարչական շրջանից` հայտարարելով՝ իրենք եկել են ասելու՝ «ելք կա» և մադիկ կարող են ընտրել այդ ելքը:
Պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց, որ «Ելք»-ը Հայաստանում հաստատված քաղաքական, տնտեսական և հոգեբանական ճգնաժամից ելք է առաջարկում։
«Ապրիլի 2-ին դուք հնարավորություն ունեք թիվ 1 քվեաթերթիկի միջոցով ընտրել այդ ելքը։ «Ելք» դաշինքը, ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու ձեր կոչերին, միավորվել է՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ելք առաջարկելու։ Մեզ հաճախ հարցնում են, թե այս ընտրություններում ո՞վ է մեր հակառակորդը և մրցակիցը։ Մենք միանշանակ ասում ենք. մեր մրցակիցը, հակառակորդը և թշնամին այն հուսահատությունն է, որ համակել է ՀՀ քաղաքացիներին»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա ընտրողներին կոչ արեց միասնաբար հաղթահարել հուսահատությանը։ Պատգամավորի խոսքով, Հայաստանի ապագան ընտրողն է որոշելու, միայն պետք է ձայն տալ «Ելք» դաշինքին՝ ունենալու ազատ, երջանիկ և որոշումներ կայացնելու մեջ ազատ հասարաակություն։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ իրենք երաշխավորում են օրենքի առաջ բոլորի հավասարությունը։
Այնուհետ «Ելքի» անդամները նախընտրական ծրագրի բուկլետներ բաժանեցին քաղաքացիներին։