Կթռչեի դեպի Մարս. Վալենտինա Տերեշկովան 80 տարեկան է
Այսօր ծննդյան 80-ամյակն է նշում Վալենտինա Տերեշկովան։ 1963 թվականին նա «Վոստոկ-6» տիեզերանավով թռիչք է կատարել՝ դառնալով առեաջին կին տիեզերագնացը։ Այժմ Վալենտինա Վլադիմիրովնան զբաղվում է քաղաքականությամբ, սակայն տիեզերքը չի մոռանում և ասում է, որ թեկուզ վաղը պատրաստ է թռչել Մարս, գրում է «ՆՏՎ.ռու»-ն։
Նա նույնիսկ 80 տարեկանում չի փոխում իր կենսակերպը։ Արթնանում է առավոտյան ժամը 5-ին, հանդիպումներ ունենում ընտրողների հետ։ Տերեշկովան չի մտածում ապավինել իր հարուստ անցյալի դափնիներին, կարծես չի էլ եղել Երկրի շուրջ 70-ժամյա թռիչքը, առաջին կին տիեզերագնացի փառքը։
1963 թվականի նրա թռիչքին հետևում էր ամբողջ աշխարհը։ Այդ հիմա է, որ նրա փոխարեն մեկ այլ կնոջ հնարավոր չէ պատկերացնել։ Կես դար առաջ «Վոստոկ-6»-ի աթոռին հավակնում էր միանգամից 5 աղջիկ։ Սակայն տիեզերքում առաջին կնոջ դերը Կոռոլյովը վստահեց նրան։
«Ափսոս, որ տարիներն անցնում են։ Առանց մտածելու կթռչեի Մարս»,- ասում է Տերեշկովան։