Կտրամադրվի 13 մլն դրամ՝ հայկական կոխ մարզաձևի զարգացման համար
Հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման նպատակով ստեղծված «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունն անցկացրել է հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
«Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացումն ընդգրկված է Հայաստանի կառավարության 2017 թ. գերակա խնդիրների ցանկում: Հաշվի առնելով հայկական կոխ ըմբշամարտի մարզամշակութային նշանակությունը՝ պետական բյուջեից կտրամադրվի 13 մլն դրամ՝ մարզաձևի զարգացման համար»,- ասել է Ղազարյանը:
Հաշվետու զեկույցով հանդես է եկել «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Վաղինակ Գալուստյանը: Նա ներկայացրել է 2016 թ. ընթացքում ֆեդերացիայի կատարած աշխատանքները:
«Մշակվել է մարզիկների մարզահագուստի նախնական տարբերակը, ավարտական փուլում է գտնվում մարզաձևի վերաբերյալ ուսումնական ձեռնարկը, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հայկական կոխ ըմբշամարտի մարզիչների վերապատրաստման վերաբերյալ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ մարզերում գործող մարզադպրոցներում ազգային այս մարզաձևի խմբակներ ունենալու վերաբերյալ»,- տեղեկացրել է Գալուստյանը:
Ներկաները քննարկել են մրցավարական կանոնակարգը և մարզաձևի զարգացմանն առնչվող այլ հարցեր: