«Կնոջ դիմանկարի» գաղտնիքը»
Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) մարտի 10-ին Կանանց տոնի առիթով տեղի կունենա «Եղիշե Թադևոսյան` «Կնոջ դիմանկարի» գաղտնիքը» խորագրով մեկ նկարի ցուցահանդես-դասախոսություն։ Ռուսական արվեստի թանգարանից հայտնում են, որ թանգարանը իր այցելուին կներկայացնի հավաքածուի գլուխգործոցներից մեկը` հայկական իմպրեսիոնիզմի առաջատար վարպետ Եղիշե Թադևոսյանի 1905 թ. «Կնոջ դիմանկարը» կտավը, որը թեպետ երկու անգամ ցուցադրվել է, սակայն արվեստասեր լայն հանրությանը քաջ հայտնի չէ, մինչդեռ կտավն արժանի է զգալի ուշադրության, քանի որ իր խիստ առանձնահատուկ գեղարվեստական լուծումներով հայկական մոդեռն-իմպրեսիոնիզմի մարգարիտներից մեկն է:
Առաջիկայում՝ մարտի 24-ին, Մոսկվայի «Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան»-ում կայանալիք «Հայկական իմպրեսիոնիզմը: Մոսկվայից-Փարիզ» խորագրով ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով կտավը հետազոտվել է, որի արդյունքում բացահայտվել է բնորդուհու ինքնությունը, որը ոչ այլ ոք է, քան նկարչի կինը՝ Ժյուստին Նեֆը, որի կերպարը մինչ օրս հայտնի էր միայն Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրության մեջ ներկայացված՝ «Նկարչի կինը՝ Ժյուստինը» հանրահայտ կտավից:
Մինչ ռուս հասարակությանը ներկայացվելը, միջոցառումը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ևս մեկ անգամ հմայվելու արվեստի ստեծագործությամբ , ունկնդրելու թանգարանի ավագ գիտաշխատող, արվեստաբան Լիլիթ Սարգսյանի դասախոսությունը, որում նա համակողմանիորեն կներկայացնի իր հետազոտությունը Թադևոսյանի այս և նույն շրջանին վերաբերող մի քանի այլ կտավների մասին, կբացահայտի թադևոսյանական իմպրեսիոնիզմի հմայքը, ինչպես նաև հետաքրքրաշարժ փաստավավերագրեր:
Արվեստասեր հասարակության շրջանակներում Եղիշե Թադևոսյանի 1905 թ. «Կնոջ դիմանկարը» հանրահռչակելու նպատակով թանգարանը կթողարկի հուշանվերներ, որոնք յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել թանգարանի տաղավարից։