«Բանակն ամուր է ձեզանով». Վիգեն Սարգսյանը շնորհավորել է կանանց
«Կանայք իրենց ուսերին տանում են հսկայական բեռ, որն անհնար է որևէ այլ բանի հետ համեմատել, հետևաբար յուրաքանչյուր օր պետք է կնոջը մեծարել, երախտագիտություն հայտնել, հարգել ու պատվել»,- այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ իր շնորհավորական խոսքում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են կին զինծառայողներ, զոհված ազատամարտիկների և զինծառայողների հարազատներ, ժամկետային զինծառայողների մայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ:
«Ես ուզում եմ խոսքս հղել հատկապես այն կանանց, ովքեր ընտրել են շատ բարդ մասնագիտություն: Ուսադիր կրելը կնոջ համար հեշտ գործ չէ, բայց ոչ թե այն պատճառով, որ դուք տղամարդկանցից որևէ հարցով թույլ եք, այլ որովհետև, ինչպես նշեցի, ձեր վրա կրկնակի բեռ կա, իսկ ծառայությունը ենթադրում է երբեմն առանց հանգստյան օրերի այնպիսի նվիրում, որ հաճախ դա արվում է ձեր ընտանիքներին, ձեր ամուսիններին տրամադրվելիք ժամանակի հաշվին: Հենց դրա համար է ձեր գործը կրկնակի ծանր: Բայց ես խորապես վստահ եմ, որ բանակն ամուր է ձեզանով, որովհետև ձեր ջերմությունը, ներկայությունն ուժ է հաղորդում տղամարդկանց և միևնույն ժամանակ սթափեցնող շատ կարևոր գործոն ունի, որպեսզի տղամարդիկ ավելի զուսպ, շրջահայց ու խոհեմ լինեն իրենց գործերում և խոսքերում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ շատ է ցանկանում, որ Զինված ուժերում կանայք ունենան հավասար հնարավորություններ, ինչ տղամարդիկ:
«Խոսքը գնում է ոչ թե կանանց պարտադիր ժամկետային զինծառայության ներդրման մասին, այլ լիարժեք հնարավորությունների, մասնագիտական աճի և պայմանների ստեղծման ու ապահովման մասին այն կանանց համար, ովքեր ցանկություն ունեն ծառայելու»,- հավելել է նախարարը: