Գազ Բալկանների համար՝ «Թուրքական հոսք», թե Ուկրաինայով տարանցում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտադիր են մարտի 10-ին հանդիպել Մոսկվայում: Օրակարգի հարցերից է Թուրքական հոսք գազամուղի իրագործումը: Վերլուծաբանները Ռիա նովոստիին ասել են, թե որ եվրոպական երկրներն են շահագրգիռ այդ ուղղությամբ գազի մատակարարումներով և արդյոք այդ գազամուղը կազատի Ռուսաստանին Ուկրաինայով տարանցման կախվածությունից:
«Թուրքական հոսք» նախագիծը վերջին տարիների ռուս-թուրքական հարաբերությունների բոլոր վայրիվերումների ականատեսն է եղել: Շինարարության մասին հուշագիրը դեռ 2014-ի դեկտեմբերի 1-ին էր ստորագրվել, սակայն իրագործումը ձգձգվել է մատակարարումների ծավալի և Թուրքիայի համար գազի գնի շուրջ վեճերի պատճառով: Ավելի ուշ նախագիծն ընդհանրապես սառեցվեց թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վատացման պատճառով: 2016-ի օգոստոսին ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերվեց, ավելի ուշ ստորագրվեց ու վավերացվեց միջկառավարական համաձայնագիր, նախագծի շուրջ չլուծված հարցեր չպետք է մնան:
Նախատեսվում է կառուցել գազամայրուղու երկու ճյուղ Սև ծովի հատակով՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Մի ճյուղը նախատեսված է անմիջականորեն թուրքական շուկա գազ մատակարարելու համար, մյուսը՝ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ մատակարարելու: Շինարարության ավարտը նախատեսված է 2019-ի դեկտեմբերին: Այդուհանդերձ առայժմ բաց է մնում հարցը՝ արդյոք կկառուցվի տարանցիկ ցամաքային ճյուղ, քանի որ դրա իրագործումը կախված է ռուսական գազով Եվրոպայի շահագրգռվածությունից: Վերլուծաբանների կարծիքով, նման երկրների ցանկն ակնհայտ է, առաջին հերթին խոսքը բալկանյան երկրների մասին է: