Մկրտչյան. «Եվրոպայի առաջնությունում հանդես կգամ Հայաստանի դրոշի ներքո»
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի առաջատար Մհեր Մկրտչյանը Ֆրանսիայում պատրաստվում է նոր մրցաշրջանին: Հեծանվորդը 2016 թ. հունիսից մարզվում և հանդես է գալիս Լեոնից 26 կմ հեռավորության վրա գտնվող ֆրասնիական Շարվե Շավայնե քաղաքի համանուն ակումբում: Մեկ տարվա համաձայնագրով ապրելու և մարզվելու լավ պայմաններ են տրամադրվել:
«Այս մրցաշրջանին ինձ 70 տարբեր մեկնարկ է սպասվում: Իմ անձնական գրաֆիկը մոտ օրերս պատրաստ կլինի և ըստ դրա կսկսեմ աշխատել: Իսկ այժմ բոլորս մարզվում ենք հավաքականի ընդհանուր ծրագրով: Խոշոր մրցումներից կառանձնացնեմ Ֆրանսիայի գավաթը և հոկտեմբերին Բեռլինում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես կգամ Հայաստանի դրոշի ներքո:
Ֆրանսիայի գավաթի ժամանակ կաշխատեմ միավորներ վաստակել ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի համար: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ իմ երկրի համար»,- Մկրտչյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: