Նախարար. Պարզվել է «Վինար»-ի սպիրտը խաղողի չէ
Մշակվում է ծրագիր, որով նախատեսվում է մթերողներին էժան, սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրել, ծրագրից օգտվելու համար գործելու է նախապայման` գյուղացուց մթերված բերքի արժեքը պետք է վճարվի եռօրյա ժամկետում: Արարատում մարզխորհրդի նիստում ասել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Այժմ մենք ծրագրի ֆինանսավորման ուղղությամբ ենք աշխատում: Եթե կարողանանք այն գործողության մեջ դնել, ապա մոտ երկու տարի հետո ընդհանրապես մթերումների հարցում խնդիրներ չենք ունենա: Քանի որ սկզբնապես ֆինանսական միջոցները սահմանափակ են լինելու, ապա սուբսիդավորումը կարվի թիրախային` խաղող, լոլիկ, կաթ, քանի որ դրանց վճարումների հարցում սովորապես շատ պարտքեր են կուտակվում, հետագայում ոլորտները կընդլայնվեն»,-իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը նշել է, որ այժմ նաև հանդիպումներ է ունենում խաղողի խոշոր մթերողների հետ, որպեսզի մթերումներն իրականացվեն պայմանագրերով, որոնցում հստակ կարձանագրվեն վճարումների ժամկետները, ինչպես նաև աշխատանքներ են տարվում խաղողի մթերման շուկայական նվազագույն գին սահմանելու ուղղությամբ, որը տարբերակված կլինի ըստ խաղողի տեսակների` հաշվի առնելով դրանց պահանջարկն ու բերքատվությունը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը նոր տեղեկություններ է ներկայացրել նաև «Վինար» ընկերության գործի վերաբերյալ:
Նախարարի խոսքով` կա գնորդ, որը պատրաստ է գնել ընկերության սպիրտը, որը բռնագանձվել և կապարակնքվել էր` մթերման պարտքերը մարելու նպատակով: Սակայն լաբորատոր անալիզներով պարզվել է, որ այդ սպրիտը խաղողի չէ: Այժմ «Վինարը» երկրորդ նմուշն է տրամադրել, որ ուղարկվել է լաբորատոր հետազոտության:
Իր հերթին մարզպետ Արամայիս Գրիգորյանը հավելել է, որ հանդիպել է «Վինարի» ներկայացուցչի և գյուղացիների հետ: Գյուղացիների մի մասը ցանկություն է հայտնել պարտքերի դիմաց սպիրտ վերցնել, մյուսները նախընտրել են սպասել սպիրտի գնման գործարքի ավարտին: Գյուղացիների այն մտահոգությանը, որ ընկերությունը գնում է սնանկացման, մարզպետը պարզաբանել է, որ սպիրտը կապարակնքված է և պետության ենթակայության տակ է գտնվում, ուստի սնանկացման գործընթացը պարտքերի վճարումների վրա ազդեցություն ունենալ չի կարող:
Հարակից հրապարակումներ`
- Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ է «Վինարը». Ռոբերտ Մակարյան
- Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու