ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և Շվեդիան կաջակցեն ձեռներեցությամբ զբաղվող հայ կանանց
Երևանում այսօր տրվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից իրականացվող «Գործարար կանայք» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի նպատակն է Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին հասանելի դարձնել իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսավորումը և խորհրդատվությունը: Բացի այդ, տեխնիկական աջակցություն կտրամադրվի ծրագրի գործընկեր ֆինանսական կառուցներին, ինչպես նաև բիզնես խորհրդատվություն կին ձեռներեցներին:
ՎԶԵԲ-ի « Գործարար կանայք» ծրագիրը ստեղծվել է տնտեսության ոլորտում կնոջ դերն ամրապնդելու նպատակով և այսօր հաջողությամբ իրականացվում է 16 երկրում:
Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է 55 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է տեղական ֆինանսական կառույցների միջոցով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հետագա վարկավորման համար վարկային գծերի ստեղծմանը: Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական միության, Շվեդիայի և Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:
Միջոցառման ժամանակ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչության ղեկավար Մարկ Դևիսը՝ ներկայացնելով կանանց ձեռնարկատիրության աջակցության ծրագիրը, նշեց, որ Հայաստանում կանայք շատ ավելի կրթված են, բայց շատ հաճախ այդ կրթությունը հնարավորություն չունեն հետագայում վերածել կապիտալի:
Նրա խոսքերով՝ ՎԶԵԲ-ը սովորաբար կենտրոնանում է այն հարցերի շուրջ, որոնցում կարող է մեծ օգուտ բերել: Այս ծրագրի շրջանակում, ըստ նրա, ապահովում են խորհրդատվություն և ֆինանսավորում, որը տրամադրվել է գործընկեր բանկերի միջոցով: «Մենք կիսելու ենք այն ռիսկերը, որոնք մեզ են փոխանցելու մեր գործընկերները: Բայց կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները սովորաբար ռիսկերի տեսանկյունից ավելի հուսալի են, քան տղմարդկանց ղեկավարած բիզնեսները»,- ասաց Մարկ Դևիսը՝ հավելելով, որ Հայաստանում վարկառու կանանց շրջանում անվճարունակությունը կազմում է 5,5 տոկոս, տղամարդկանց շրջանում՝ 7,7 տոկոս:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնք ունեցել են որոշակի հաջողություններ, բայց անելիքները դեռ շատ են:
Նա հույս հայտնեց, որ նպատակաուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ կին ձեռներեցները կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը և կհասնեն լուրջ հաջողությունների:
ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը նշեց, որ Շվեդիայի կառավարությունը Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար հատկացրել է 47 մլն շվեդական կրոն (մոտ 5.2 միլիոն եվրո):
«Կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված աջակցությունը տարածաշրջանում տնտեսական աճի բանալին է: Կանանց ձեռներեցությունը կարևոր ներդրում է ազգային տնտեսության մեջ, և կանանց կողմից ղեկավարվող մի շարք ընկերություններ ավելի արագ տեմպերով են աճում, քան նրանք, որոնք ղեկավարվում են տղամարդկանց կողմից»,- նշեց Մարգարիտա Քրիստիանսոնը:
Հաջորդ 4,5 մլն եվրոն տրամադրել է Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային հիմնադրամը. միջոցներն ուղղվել են վարկավորման որակի բարձրացման ֆինանսավորմանը ու ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունների կարողությունների զարգացմանը: Նշենք, որ ՎԶԵԲ-ի Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից ծրագրին ուղղվել է ևս 0.9 մլն եվրո:
Եվրոպական միության Հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից է, որ օգտվում է Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ՎԶԵԲ-ի ծրագրից: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն օգտվում է այս բազմամիլիոնանոց ծրագրից: Ծրագիրն առաջին հերթին միտված է ֆինանսական պրոդուկտների հասանելիության բարձրացմանը: Գիտենք, որ ֆինանսական պրոդուկտների հասանելիությունը Հայաստանի աքիլլեսյան գարշապարն է: ՎԶԵԲ-ի շնորհիվ է, որ այս խնդիրը որոշ չափով փորձ է արվում լուծվել»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ կանայք կօգտվեն այս ծրագրից: «ԵՄ-ն գտնում է, որ հայ կանայք երիտասարդ սերնդի հետ միասին պետք է լիարժեք իրականացնեն իրենց դերը՝ որպես Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ, իսկ ԵՄ-ն կշարունակի ավելի ու ավելի ներդնել այդ ոլորտում»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:
Նշենք, որ Հայաստանում կանանց ձեռներեցության աջակցության ծրագրին անցյալ տարեվերջին միացել են Ամերիաբանկը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, այսօր միացավ նաև «Արարատբանկը»: Նշված բանկերը պատրաստ են ծրագրի նպատակներին և պահանջներին համապատասխան կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները վարկավորել: