Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
«Այսօր ստատոս-քվո պահպանելու քաղաքականությունը սպառված է, մեր անվտանգության, Լեռնային Ղարաբաղի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է»,- Կոտայքի մարզում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ, պատգամավոր, Կոնգրես-ՀԺԿ դաշինքից Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ հաճախ են ընդդիմախոսները հարց տալիս՝ եթե գնում են խաղաղության, պարզ է, թե ինչ է զիջում հայկական կողմը, իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը:
«Պատասխանում եմ այդ հարցին: Այն խաղաղության ծրագիրը, որը 1990-ականներից մշակված է համանախագահների կողմից, տարբեր մոդիֆիկացիաներով դրված է բանակցությունների սեղանին, ասում է հետևյալը՝ պետք է ստեղծվի բաժանարար գոտի, այսինքն՝ այն շրջանները, որոնք տրվում են հետ, այդտեղ պետք է ստեղծվի ապառազմականացաված բաժանարար գոտի, Ադրբեջանը պաշտոնապես համաձայնվում է, որ այն տարածքի վրա, որ ինքը համարում է իր միջազգայնորեն ճանաչված տարածք, տեղակայվեն խաղաղապահ զորքեր, ստեղծվի ապառազմականացված գոտի, որտեղ Ադրբեջանն իրավունք չունի որևէ ռազմական տեխնիկա մտցնի: Երկրորդ զիջումը՝ Ադրբեջանը պաշտոնապես ընդունելու է, որ հրաժարվում է բռնության, ուժի կիրառումով կամ ուժի կիրառման սպառնալիքով լուծել որևէ վեճ Հայաստանի, Արցախի հետ: Երրորդ զիջումը՝ Ադրբեջանն ընդունելու է, որ Ացախին տրվի միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ, այսինքն Արցախի իշխանությունները կլեգիտիմացվեն: Ըստ էության, Ադրբեջանը, ստորագրելով խաղաղության պայմանագիրը, հրաժարվում է ինքնիշխանությունից այդ տարածքի վրա, սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ճանապարհի վրա արվում է հսկայական քայլ»,- ասաց նա:
Լ. Զուրաբյանի խոսքով, կարևոր է ժողովուրդը հասկանա, որ զինադադարի ու խաղաղության պայմանագրի մեջ կա հսկայական տարբերություն. «Խաղաղության պայմանագիրը երաշխավորված է միջազգային հանրության կողմից, միջազգային իրավունքի կողմից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից: Զինադադարը հիմնված է բացառապես հակամարտող կողմերի կամքի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան