«Լուսավոր Սահման»-ը LED լամպերով լուսավորել է արդեն սահմանամերձ յոթ գյուղի ընտանիքների տները
«Լուսավոր Սահման»-ն արդեն LED լամպերով լուսավորել է Հայաստանի և Արցախի սահմանամերձ յոթ գյուղի ընտանիքների տները: Կամավորական նախաձեռնության նպատակն է սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները և սովորեցնել բնակիչներին խնայողության խելացի միջոցների մասին:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն ասաց, որ իր բնակարանում տեղադրելով լուսադիոդային լամպեր, հոսանքի ծախսը 30-40 տոկոսով նվազեց:
«Խորանալով հասկացանք, որ գյուղական համայքներում խնայողությունը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այնտեղ էլեկտրոնային սարքավորումների քանակն ավելի սակավ է, քան քաղաքային համայնքերում: 2015 թվականին կառավարություն ծրագիր ներկայացվեց, որոշվեց իրականացնել պիլոտային ծրագրեր»,- նշեց փոխնախարարը:
Նախաձեռնության մեկնակը տրվել է 2016 թվականի նոյեմբերին: Հ. Հարությունյանն ասաց, որ այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է 21 միլիոն դրամ, որով գնվել է ավելի քան 8000 LED լամպ, 2000-ից ավելի ընտանիք ամսական խնայում է մինչև 4000 դրամ:
«Հետաքրքիր դոնորների կառուցվածք ունենք. առաջին դոնորը «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, այնուհետև կառավարությունը, էներգետիկ ընկերություններ, բազմաթիվ անհատներ, տարբեր ՀԿ-ներ, միջազգային կառույցներ»,- նշեց Հ. Հարությունյանը:
Նրա խոսքով, ամեն երկու շաբաթը մեկ նախատեսվում է մեկ գյուղի LED լամպերով լուսավորում:
«Մեր նպատակն է Հայաստանի 36 սահմանամերձ համայնքի և Ղարաբաղի բոլոր գյուղական համայնքների LED լամպերով լուսավորումը: Հստակ ժամանակացույց ասելը դժվար կլինի, քանի որ կապված է հանգանակություններից: Կարծում եմ՝ տեմպը չի նվազի, հետաքրքրությունն ավելանում է»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ծրագրի մեկնարկին LED լամպի արժեքը մոտ 1350 դրամ էր, հիմա նվազել է՝ մոտ 1000 դրամ:
Հ. Հարությունյանի խոսքով, կարևորում են լուսադիոդային լամպերի որակը և մշակել են որոշակի որակային չափանիշներ՝ համոզվելու համար, որ գյուղացիները ստանում են որակյալ ապրանք: Ընկերության կողմից նվիրաբերված լամպերն ունեն 3 տարվա երաշխիք: Լամպերը տրամադրվում են բացառապես բնակիչներին՝ տունը լուսավորելու համար: Ամեն ընտանիքի նվիրաբերվում է 5 LED լամպ:
«Շտիգեն» ընկերության տնօրեն, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հայկ Շեկյանը ծրագիրը կարևորեց նաև այն առումով, որ ի վերջո սահմանամերձ գյուղերի բնակիչները զգում են ուշադրություն:
«Իրենց համար կարևոր է, որ իրենք մենակ չեն: Ծրագիրը պահանջված է ոչ միայն լամպերի, խնայողության առումով, նաև հոգեբանական առումով: Հասարակական առումով կարևոր ֆունկցիա է կատարում»,- նշեց նա:
«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հովհաննես Կարապետյանն ասաց, որ կամավորները, ովքեր մասնակցում են «Լուսավոր Սահման»-ի ակցիային, տեսնելով ծրագրի արդյունավետությունը, իրենց բնակարաններերն էլ սկսել են լուսավորել LED լամպերով:
Հայկ Հարությունյանն ասաց, որ 2015 թվականին ՀՀ ներմուծվել է 75 հազար հատ LED լամպ, 2016-ին այդ թիվը հասել է 1 միլիոն 600 հազարի:
«20 անգամ այս ոլորտում աճ կա»,- նշեց նա՝ հավելով, որ 2016 թվականին խնայողություն ունեն բնակչության ոլորտում, պետական շենքերում, ոռոգման համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան