Աշխարհի մոտ 500 բժիշկ կծանոթանան Արցախի առողջապահության ոլորտի խնդիրներին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի կազմկոմիտեի քարտուղար Պաբլո Էլմասյանի հետ քննարկել է մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում կայանալիք համագումարի կազմակերպական մի շարք հարցեր։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պաբլո Էլմասյանը ներկայացրել է՝ համագումարի հենց առաջին օրը լիագումար նիստում նախատեսվում է նախարարի ելույթը Հայաստանի առողջապահության համակարգի իրավիճակի, խնդիրների, իրականացվող և նախանշվող բարեփոխումների մասին։ Աշխարհի տարբեր երկրներից մասնակցող մոտ 500 բժիշկները կծանոթանան նաև Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի խնդիրներին, ինչպես նաև կրթական ծրագրերին։
Նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ համագումարում հիմնականում կներկայացվեն Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող և նախանշվող ծրագրերը` ակնկալելով սփյուռքի մասնագետների, այդ թվում` փորձառու կառավարիչների մասնակցությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դեղագործության ոլորտում համագործակցության, Հայաստանը որպես արտադրության հարթակ ներկայացնելու հարցը։
Պաբլո Էլմասյանը նախարարին է հաղորդել, որ համագումարի նախագահ Դանիել Ստամբուլյանը ևս մեծ ջանքեր է գործադրում սփյուռքի ներուժը Հայաստանի և Արցախի առողջապահության համակարգերի զարգացմանը ծառայեցնելու ուղղությամբ։