Կամո Հովհաննիսյան. «Մխիթարյանն առաջին հերթին լավ մարդ է, հետո բարձրակարգ ֆուտբոլիստ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Ժոդինոյի «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի պաշտպան Կամո Հովհաննիսյանը tribuna.com-ին տված հարցազրույցում խոսել է ազգային ընտրանու իր թիմակից, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մի քանի ամիս թիմում հասցրել եմ խաղալ Մխիթարյանի հետ, հետո նա տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Մխիթարյանը շատ աշխատասեր և համեստ տղա է: Գիտեմ, որ Դոնեցկում նրան տուն են առաջարկել, սակայն Հենրիխը շարունակել է բնակվել մարզաբազայում: Նա կարողանում է լեզու գտնել ցանկացած մարդու հետ: Եթե խաղադաշտում ինչ-որ բան այն չէ, Մխիթարյանը վազելով կգա, խորհուրդ կտա, կօգնի, ինչով կարող է:
Հենրիխը նաև շատ գրագետ է: Նա տիրապետում է 7 լեզուների: Մխիթարյանն առաջին հերթին լավ մարդ է, հետո բարձրակարգ ֆուտբոլիստ: Երբ Մխիթարյանը Հայաստանում է, նա միշտ օգնում է մանկապարտեզներին, 1992 թ. Լեռնային Արցախի պատերազմի վետերաններին: Նրան ոչ-ոք չի ստիպում դա անել: Այն բացառապես Մխիթարյանի ցանկությունն է»,- ասել է Հովհաննիսյանը: