«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում». բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը շարունակվում է
«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը մեկնարկել էր երեկ, կշարունակվի նաև այսօր։
Պարզելու՝ որքանո՞վ են գոհ ձեռագործ ապրանքների վաճառքից սիրահայերը և ովքե՞ր են նրանց արտադրանքի հիմնական սպառողները, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց նրանցից մի քանիսի հետ։
Հատկանշական է, որ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցող 60-ից ավելի սիրիահայեր հիմնականում վաճառում էին ձեռագործ աշխատանքներ, արծաթյա զարդեր և արևելյան քաղցրավենիք:
Արծաթյա զարդեր վաճառող Սերա Շահինյան-Կարագյուլեանն, օրինակ, պատմեց, որ ներկայացված բոլոր գործերն ամուսնու ձեռքի աշխատանքներն են։
«Սիրիայում թե՛ ոսկեղեն, և թե՛ արծաթեղեն էր պատրաստում, սակայն այստեղ՝ Հայաստանում, առավելապես արծաթագործությամբ է զբաղված։ 2 տարի է, ինչ հայրենիք ենք վերադարձել։ Ես մանկավարժ եմ, 12 տարի Հալեպում եմ աշխատել, սակայն հիմա չեմ աշխատում, ամուսնուս պատրաստած զարդերն եմ վաճառում։ Խանութ կամ տաղավար չունենք, տանից ենք վաճառում։ Թե՛ տան, թե՛ խանութի վարձ տալը շատ դժվար է, դրա համար էլ պատվերներով, տանից ենք աշխատում, երեխաներին պահում»,- պատմեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով, որ Հալեպում տունն ու ողջ ունեցվածքը կորցնելուց հետո չեն պատրաստվում վերադառնալ այնտեղ։
Արծաթյա իրեր վաճառող մեկ այլ սիրիահայ՝ տիկին Լուսիկը, հակառակը, ասաց, որ առաջին հարմար առիթի դեպքում կցանկանար վերադառնալ Հալեպ։
«Մի քանի տարի է՝ Հայաստանում ենք, բայց ոչ մի առաջընթաց չկա։ Ամուսինս ասում է, որ մենք այստեղ ապագու չունենք, մեզ ոչնչով չեն աջակցում. ոչ տուն ունենք, ոչ մշտական աշխատանք։ Առայժմ ամուսնուս պատրաստած զարդերն եմ վաճառում, նաև ձեռագործ իրեր եմ պատրաստում, բայց եթե մեծանանք, ո՞վ է մեզ պահելու։ Ժառանգ էլ չունենք, երկու երեխա արդեն կորցրել ենք, այլևս չենք կարողանում բալիկ ունենալ։ ֆինասական աջակցություն է անհրաժեշտ «էկո» անելու համար։Այս հարցով բազմաթիվ պաշտոնայների և գործարների եմ դիմել, սակայն ոչ ոք չի օգնել։ Անգամ Վեհափառին եմ դիմել, վեհարանից ինձ զանգել են, ասել են՝ աղոթիր։ Բայց աղոթելով բժշկական միջամտությո՞ւն պետք է լինի։ Շատ վիրավորված եմ, այսպես չի կարելի»,- արտասվելով պատմեց կինը։
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ մի թանկարժեք զարդ է վաճառել, բայց եթե ժողովրդի ձեռքը փող լիներ, առևտուրն ավելի լավ կլիներ։
«Մենք խանութ չունենք, շատ դժվար է ամսավճարով տաղավար կամ խանութ վարձել։ Մարդիկ էլ գալիս, նայում են, գովում ամուսնուս շնորհքը, սակայն քչերն են կարողանում գնել»,- նշեց տիկին Լուսիկը։
Արևելյան քաղցրավնեիք վաճառող Վանի Արաբյանն էլ տեղեկացրեց, որ անձամբ է պատրաստում ախորժելի տեսքով խմորեղենները՝ ճիշտ նույն բաղցադրատոմսերով, ինչ Հալեպում։ Նրա շնորհքը գնահատում են ինչպես սիրիահայերը, այնպես էլ տեղացիները։
«Հալեպ չենք ուզում վերադառնալ, 100 տոկոսով հարմարվել ենք, այլևս երբեք չենք հեռանա Հայաստանից։ Սա մեր հայրենիքն է, չենք ուզում գնալ Եվրոպա և ամեն ինչ զրոյից սկսել»,- ասաց նա։
Արևելյան խոհանոցի ուտելիքներ վաճառող մեկ այլ կին էլ նշեց, որ Հալեպում իրենց ընտանիքն ավանդաբար ոսկերչությամբ է զբաղվել, սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո նախաձեռնել են տնային պայմաններում սիրիական խոհանոցի ճաշատեսակների պատվերներ ընդունելու և պատրաստածը վաճառելու գործը։
«Հայաստանցիներն այնքան շատ են հավանում պատրաստածս իզմիր քուֆթան, որ անգամ պատվիրում, հետները արտասահման են տանում»,- պատմեց նա։
Ամենապասիվ առևտուրը, ինչպես պարզվեց, հալեպահայ Լիանա Սուքիասյանի տաղավարում էր, ուր ասեղնագործ սփռոցներ ու հայկական ավանդական տիկնիկներ էին վաճառվում։ Պարզվեց՝ երեկվանից նա ոչ մի բան դեռ չի վաճառել։
«Գնորդները հիմնականում արծաթ և ուտելիք են գնում, տիկնիկներ և սփռոցներ հարցնողներ համարյա չկան»,- ասաց նա։