ՀՅԴ-ի խնդիրները և «Ելք»-ի հնարավորությունները
Քարոզարշավի մեկնարկը դրական ենք գնահատում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ղազարյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ-ն ունի հանդիպումների հստակ ժամանակացույց, և համապետական թեկնածուների մասնակցությամբ տարբեր վայրերում փոքր կամ մեծ հավաքներ են լինելու:
«Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ քարոզարշավի մեկնարկից, մարտի կեսերից հետո, հավանաբար, ավելի ակտիվ փուլ կմտնի»,- ասաց Արթուր Ղազարյանը:
Ինչ վերաբերում է իրենց ծրագրին, նա նշեց, որ միշտ էլ հայ հասարակությանը խոստումներ են տվել, հեքիաթներ են հրամցրել, բայց Դաշնակցության ծրագրի վերաբերյալ գնահատականն արդեն տրվել է՝ այն ավելի պրագմատիկ է, իրատեսական ու լուծելի:
Հարցին, թե ապագա խորհրդարանում Դաշնակցությունը որ քաղաքական ուժի հետ է պատրաստվում համագործակցել, Արթուր Ղազարյանը պատասխանեց. «Ժամանակին Դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանն էր ասում, որ հանուն պետականության, հայրենիքի և հանուն ազգային անվտանգության, ազգային շահի կարելի է նույնիսկ սատանայի հետ համագործակցել։ Կարծեք թե այս պատգամը մեր օրերում արդի է: Այսինքն՝ պատրաստ ենք բոլոր ուժերի հետ համագործակցել»։
Մյուս կողմից, ըստ նրա, այդ համագործակցություն կոչվածը պարտադիր չէ, որ կոալիցիոն բնույթի լինի: Ըստ նրա՝ արդեն նոր համակարգում, նոր ձևավորվող խորհրդարանում ինքնին պետք է այդ համագործակցությունը, կոնսոլիդացիան աշխատի, հատկապես՝ որոշ կարևոր հարցերի շուրջ, ինչը, թեկնածուն դրական է համարում:
Ասուլիսի մյուս բանախոսը, «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ կառավարություն կարող են ձևավորել 54 տոկոս և բարձր ներկայություն ունենալու դեպքում, և եթե «Ելք» դաշինքը չունենա այդ տոկոսը կառավարություն ձևավորելու համար, ապա բոլոր ուժերի հետ կքննարկի համագործակցության հնարավորությունը:
«Մենք վերապահումով ենք նայում Հանրապետական կուսակցության հետ համագործակցությանը: Մեր դաշինքի առաջնորդները դա արդեն բացառել են, սատանայի հետ մենք չենք համագործակցի, քանի որ սատանայի հետ համագործակցությունը երբեք դրական արդյունքների չի բերում: Մնացած առումներով բաց կլինենք: Իհարկե ապագան ցույց կտա, թե խորհրդարանում ինչ դասավորվածություն կունենան քաղաքական ուժերը, եթե Դաշնակցությունը նույնպես ընդգրկվի խորհրդարանում, մենք կքննարկենք»,- ընդգծեց Վիկտոր Ենգիբարյանը:
Անդրադառնալով իրենց հնարավորություններին՝ «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածուն ասաց, որ իրենց Դաշինքն արդեն հասցրել է դրական համբավ ունենալ հանրության շրջանում: «Դաշինիքի մեկնարկային հնարավորությունները բավականին բարձր են»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, Արթուր Ղազարյանն ասաց, որ ՀՅԴ-ն խորհրդարան մտնելու խնդիր չունի, չի ունեցել ու չի ունենալու:
«Դա առաջին հերթին պայմանավորված է մեր կուռ կառույցով, կազմակերպվածությամբ, նաև ՏԻՄ ընտրություններում ունեցած մեր տեղերով: Կարծում եմ, որ այս անգամ էլ ՀՅԴ-ն խորհրդարան անցնելու խնդիր չի ունենա, քանի որ ընտրազանգվածի հանդեպ եղել է ավելի անկեղծ, ավելի չափավոր, վստահություն ներշնչող, ուստի այստեղ քննարկման հարց չի կարող լինել»,- նշեց Արթուր Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին