Կին բանագնացները մեծացնում են կայուն խաղաղության հնարավորությունները. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել նվիրված Կանանց միջազգային օրվան։
«Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են։ Բայց այս անհանգիստ ժամանակներում, երբ մեր աշխարհն ավելի անկանխատեսելի և քաոսային է դառնում, կանանց և աղջիկների իրավունքները մշտապես կրճատվում, սահմանափակվում և շրջադարձվում են։
Կանանց և աղջիկների զորացումը միակ միջոցն է՝ պաշտպանելու նրանց իրավունքներն ու ապահովելու, որ նրանք կարողանան իրացնել իրենց ողջ ներուժը։
Տղամարդկանց և կանանց միջև իշխանության բաշխման պատմական անհավասարակշռությունը, որն էլ ավելի է սրվում հասարակությունների ու երկրների ներսում ու դրանց միջև աճող անհավասարություններով, հանգեցնում է կանանց և աղջիկների հանդեպ խտրականության ավելացման։ Ամբողջ աշխարհում ավանդույթները, մշակութային արժեքներն ու կրոնը չարաշահվում են՝ կրճատելու կանանց իրավունքները, ամրապնդելու սեքսիզմը և քաջալերելու կնատյացությունը։
Կանանց սուբյեկտիվ իրավունքները, որոնք ոչ մի մայրցամաքում երբևէ հավասար չեն եղել տղամարդկանց իրավունքներին, շարունակում են ոտնահարվել։ Սեփական մարմնի հանդեպ կանանց իրավունքները հարցականի տակ են դրվում և կասկածի ենթարկվում։ Սովորական երևույթ է կիբերտարածությունում և իրական կյանքում կանանց ահաբեկման ու ոտնձգությունների թիրախ դարձնելը։ Վատագույն դեպքերում ծայրահեղականներն ու ահաբեկիչներն իրենց գաղափարախոսությունը կառուցում են կանանց ու աղջիկների հպատակեցման շուրջ և նրանց մեկուսացնում սեռական ու գենդերային հիմքով բռնության, բռնի ամուսնության և փաստացի ստրկության նպատակով։
Չնայած որոշակի բարելավմանը՝ ղեկավար պաշտոնները համատարած դեռևս տղամարդիկ են զբաղեցնում, իսկ տնտեսության մեջ գենդերային ճեղքվածքը մեծանում է հնացած մոտեցումների և տղամարդկանց կարծրացած շովինիզմի պատճառով։ Մենք պետք է փոխենք սա՝ բոլոր մակարդակներում հզորացնելով կանանց, նրանց ձայնը լսելի դարձնելով և նրանց հնարավորություն տալով վերահսկելու իրենց սեփական կյանքն ու մեր աշխարհի ապագան։
Կանանց և աղջիկների իրավունքների ժխտումը ոչ միայն սխալ է ինքնին, այլև ունի լուրջ սոցիալական ու տնտեսական ազդեցություն, որը զսպում է բոլորիս առաջընթացը։ Գենդերային հավասարությունը ունի փոխակերպող ազդեցություն, ինչը շատ կարևոր է համայնքների, հասարակության և տնտեսության գործառույթների լիարժեք իրականացման համար։
Կանանց համար կրթական և առողջապահական ծառայությունների հասանելիությունը բարերար ազդեցություն ունի նրանց ընտանիքների ու համայնքների և հետևաբար՝ գալիք սերունդների վրա։ Դպրոցում անցկացրած մեկ ավել տարին կարող է մինչև 25 տոկոսով ավելացնել աղջկա ապագա եկամուտը։
Երբ կանայք որպես աշխատուժ լիարժեքորեն են մասնակցում, դա նոր հնարավորություններ է ստեղծում և աճ ապահովում։ Զբաղվածության ոլորտում գենդերային ճեղքվածքի հաղթահարումը մինչև 2025 թվականը կարող է 12 տրիլիոն ամերիկյան դոլար ավելացնել համաշխարհային համախառն ներքին արդյունքին։ Պետական հաստատություններում կանանց դերի մեծացումը դրանք ավելի ներկայացուցչական է դարձնում, ընդլայնում նորարարությունը, բարելավում որոշումների կայացման գործընթացն ու օգուտ բերում ողջ հասարակությանը։
Գենդերային հավասարության խնդիրը կենտրոնական է «Կայուն զարգացման օրակարգ 2030» փաստաթղթում՝ բոլոր երկրների առաջնորդների կողմից ընդունված համաշխարհային ծրագիր, որն ուղղված է մեր առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը։ Կայուն զարգացման հինգերորդ նպատակը մասնավորապես հենց գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների զորացման կոչ է անում, և սա առանցքային դեր ունի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներին հասնելու հարցում։
Ես շատ եմ կարևորում կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության հաստատման աշխատանքներում մեծացնելու գաղափարը։ Կին բանագնացները մեծացնում են կայուն խաղաղության հնարավորությունները, իսկ կին խաղաղապահները՝ նվազեցնում սեռական շահագործման և բռնության վտանգները։
ՄԱԿ-ի շրջանակներում ես հաստատում եմ հստակ ճանապարհային քարտեզ՝ որպես հենանիշ սահմանելով համակարգում գենդերային հավասարության հասնելը, որպեսզի մեր կազմակերպությունն իսկապես ներկայացնի այն բնակչությունը, որին ծառայում է։ Նախորդ թիրախները չեն իրականացել։ Այժմ հավակնություններից գործողության անցնելու ժամանակն է։
Կանանց միջազգային օրը եկե՛ք բոլորս խոստանանք անել հնարավոր ամեն ինչ, որ հաղթահարենք արմատացած նախապաշարմունքները, աջակցենք ներգրավվածությանն ու ակտիվիզմին, խթանենք գենդերային հավասարությունն ու կանանց զորացումը»,-ասված է ուղերձում։