Մեր համոզումն է, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:
Մենք ամեն կերպ խրախուսում ենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր երկրի հասարակական կյանքում: Մեր համոզումն է, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում: Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում:
Սիրելի՛ կանայք,
Այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր զավակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քույրերը և ձեր պատիվը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները:
Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ:
Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:
Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք»: