Ինչ նվեր են ուզում կանայք
Այսօր Կանանց միջազգային տոնն է: Թեև տոնի առաջացման հիմքերն ու պատճառները խիստ քաղաքական են, այսօր այն կանանց սիրելի տոներից է: Տղամարդիկ իրենց հերթին փորձում են կանանց համար օրն իսկական տոնի վերածել՝ ևս մեկ անգամ գովերգելով իգական սեռին, արժևորելով կնոջ դերը և ընտանիքում, և հասարակության մեջ: Տոնի կարծես անբաժան մասն է նվերը: Արդեն մի քանի օր է օծանելիքի, կոսմետիկայի, հուշանվերների խանութները բազմամարդ են, ի տարբերություն մյուս օրերի, այս օրերին հիմնականում տղամարդիկ են այդ խանութների հաճախորդները: Երեկվանից արդեն ծաղկի խանութները նույնպես մարդաշատ են:
Հայ կանայք, կարծես, այնքան էլ պահանջկոտ չեն, այնքան էլ «անիրականանալի» նվերներ չեն ցանկանում ստանալ տղամարդկանցից:
Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Լիանա Բալյանն ասաց. «Ես գարնանային տոներին յուրովի եմ սպասում, քանի որ գարունը իր հետ բերում է ջերմություն, նոր ակնկալիքներ, հույսեր և երազանքներ: Մարտի 8-ն այն հրաշալի տոներից է, երբ ինձ համար ամենացանկալի նվերը, ինչ տեսք կունենա՝ մեկ փոքրիկ ծաղկեփնջի, թե էլ ավելի թանկարժեք իրի, էական չէ, կարևորը, որ այդ նվերն իր մեջ սեր, նվիրվածություն և անկեղծություն պարունակի: Ես միշտ մարտի 8-ին ստացել եմ ծաղիկներ և օծանելիքներ: Բայց իմ համար ամենանվիրական և երջանիկ պահը դա մարտի 8-ի առավոտյան իմ մայրիկին ծաղիկներ նվիրելը և իր այտը համբուրելն է, ու իմ մայրիկի անկեղծ ժպիտը, ուրախությունը իմ համար մարտի 8-ի ամենաթանկագին նվերն է, որը ես միշտ ստացել և ստանում եմ առ այսօր»:
«Սուրբ Աստածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը շատ հետաքրքիր գիրք է ցանկանում ստանալ այսօր:
«Միշտ ստանում են բազմաթիվ ու բազմազան նվերներ՝ ծաղիկներ, զարդ, պարֆյում: Տարբեր, շատ տարբեր: Այսօր ցանկանում եմ ստանալ շատ հետաքրքիր գիրք»,- ասաց նա:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանը նշեց. «Կանանցից նվեր ստանալ չեմ սիրում, առավելագույնը՝ աղջկանիցս կամ ես մայրիկիս: Երևի ծաղիկներ է հաճելի ստանալ ասյօր: Կարևորը վերաբերմունքն է, ոչ թե նվերի արժեքը: Եթե հիշում են ու մի փոքր ծաղկեփունջ նվիրում՝ թեկուզ դաշտային, թեկուզ ձնծաղիկ, միևնույնն է՝ հաճելի է»:
Քանդակագործ Նունե Թումանյանի ուզած նվերն իր իսկ խոսքով «այնքան էլ բնորոշ չի կնոջ համար»։
«Շատ կուզեի իմ քանդակներից մեկը քաղաքում տեղադրելու պատվեր ստանալ։ Մեկ էլ մեծ ու լուսավոր արվեստանոց...հաստատ ավելորդ չէր լինի»,- ասաց Ն. Թումանյանը։
Գայանեն, ով մասնագիտությամբ ուսուցչուհի է, իր նվերն արդեն ստացել է. «Իմ աշակերտներն ինքնուրույն բաց դաս էին կազմակերպել ու ինձ, մյուս ուսուցիչներին հրավիրել: Դրանից լավ նվե՞ր»:
Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի են դուրս եկել` պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված են եղել զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվել են: Իսկ ահա 1910-ին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային մի կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկել է տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր: Եվ ահա այդ ժամանակներից մարտի 8-ը նշվում է որպես Կանանց Միջազգային օր: Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ սկսեցին նշել 1914թ.:
1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:
Հայաստանի անկախության հռչակումից հետո` 1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև` 2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: