Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի «Աշխարհի երգիչ» մրցույթի եզրափակիչ փուլ
BBC (ԲիԲիՍի) Քարդիֆի «Աշխարհի երգիչ»՚ հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել լոնդոնաբնակ ճանաչված սոպրանո Անուշ Հովհաննիսյանը։ orer.eu-ն գրում է, որ անցյալ տարվա ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին աշխարհի 6 քաղաքներում 4 փուլով լսումների արդյունքում ընտրել է եզրափակիչ փուլի 20 մասնակցի։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել 3 հոգի։ Հայաստանը ներկայացրել է միայն Անուշ Հովհաննիսյանը։
«Աշխարհի երգիչ»-ը, որ անցկացվում է երկու տարին մեկ անգամ, Ուելսի տարվա ամենամեծ մշակութային իրադարձությունն է։ Այս մրցույթը համարվում է դասական երգի միջազգային ամենահեղինակավոր ստուգատեսը՝ դասական երգարվեստի յուրատեսակ օլիմպիադա։
Հուլիսին կայանալիք եզրափակիչում մրցույթն անցկացվելու է երկու ուղղությամբ՝ կամերային երաժշտության և օպերային արիաների։ Եզրափակիչ դուրս եկած մասնակիցներն իրենք են որոշում իրենց նախընտրած ուղղությունը։ Անուշ Հովհաննիսյանը հանդես կգա վերը նշված երկու ուղղություններով։ Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 11-ին և 16-ին՝ կամերային երաժշտության գծով, հունիսի 15-ին և 18-ին՝ օպերային երգարվեստի գծով:
Անուշ Հովհաննիսյանը օպերային մրցույթում հանդես կգա համաշխարհային պրեմիերայով։ Նա առաջին անգամ կկատարի 170 տարի առաջ գրված հունգարացի մեծ կոմպոզիտոր Ֆրանց Լիստի նոր «Սարդանապալ» օպերայից հույն ստրկուհի Միռայի դերերգը։ Օպերան ասորական Սարդանապալ թագավորի և նրա հույն ստրկուհու սիրո պատմության մասին է։ Այս օպերան Լիստն անավարտ է թողել և միայն վերջերս է հայտնաբերվել արխիվում։
«Իմ երաժշտական կարիերայում սա բացառիկ երևույթ և մեծ պատիվ է, որ նման հռչակավոր կոմպիզոտորի ստեղծագործության առաջին կատարումը վստահվում է ինձ։ Այդ անավարտ օպերայից հատվածը երգելու եմ առաջին անգամ և ներկայացնելու եմ Հայաստանը»,- orer.eu-ի հետ զրույցում ասել է Անուշ Հովհաննիսյանը։
Մրցույթի հաղթողը ստանալու է հաղթական գավաթը, ֆինանսական պարգև, իհարկե, միջազգային ճանաչում և առանձնահատուկ կարգավիճակ։
Նախկինում այս մրցույթին հայազգի երգիչներից մասնակցել է գերմանական Էրֆուրտի օպերային թատրոնի մեներգիչ բաս Վազգեն Ղազարյանը:
2016 հոկտեմբերի 17-ին Անուշը ճանաչվել է հեղինակավոր «Ստելա Մարիս» մրցույթի հաղթող՝ միաժամանակ արժանանալով 4 գլխավոր մրցանակի, իսկ դեկտեմբերի 4-ին Մարսելում Բելլինիի անվան բելկանտոյի մրցույթում արժանացել է շվեյցարական Գշտատի Ամանորյա փառատոնի հատուկ մրցանակին, 2018 թ. մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում։