Հետո չասեք, թե վարչապետը «տոն օրը քանդեց, եկավ մի երկու լոլո կարդաց»
Քարոզարշավի շրջանակներում այսօր Մեծամոր կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց բնակիչների բազմաբնույթ հարցերին:
Բնակիչներից մեկը նշեց, որ ատոմային էներգետիկայի բնագավառում աշխատող մարդն ընդամենը 40 հազար դրամ թոշակ է ստանում: «Այդ ճղճիմ թոշակով չի կարողանում գոյություն պահել: Ոչ լույս է վառում, ոչ գազ, այդ հարցին ո՞նց կարելի է լուծում տալ»,- ասաց քաղաքացին:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Լուծումը միակն է ՝ ինտենսիվ աշխատել, աշխատատեղ ստեղծել, տնտեսությունը զարգացնել, որ մեր փողը հերիքի, որպեսզի թոշակ բարձրացնենք»:
Ըստ վարչապետի, իրենք տրամադրված են ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի պարբերաբար ներդրումներ ներգրավվելով, խաղի կանոնները պարզեցնելով, ադմինիստրատիվ միջամտությունը նվազեցնելով, արհեստական մոնոպոլիաները վերացնելով, ուղղակի բիզնեսի և գործարարության դաշտը չխանգարելով հասնել արդյունքների:
«Մենք բավական ստեղծագործ ու գործարար ջիղ ունեցող ազգ ենք, օր-օրի լավ ենք ապրելու, բայց եթե հիմա ասեմ՝ վաղը խոստանում եմ առանց տնտեսության փոփոխության 40 հազար դրամը դարձնել 80 հազար դրամ, ինչից գուցե ձեր ականջը շոյվի, բայց դա ճիշտ և ազնիվ պատասխան չի լինի: Դրա համար մենք անելու ենք այն, ինչ ասել ենք՝ ամեն օր, ամեն ամիս, մենք ինքներս մեզ հաշվետվություն ենք տալու՝ ինչ ենք արել, տնտեսությունում ինչ է փոխվել, ինչքան աշխատատեղ է ավելացել, ինչքան ներդրումներ են արվել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հանդիպումը տեղի էր ունենում Մեծամոր քաղաքի մշակույթի տան դահլիճում , որը բավականին ցուրտ էր և այդ փաստը անտարբեր չթողեց վարչապետին:
«Հարգելի մեծամորցիներ, լինելով էներգետիկ քաղաք, ձեր դահլիճը ցուրտ է»,- ասաց նա:
Այնուհետև ավելացրեց. «Հանդիպման ընթացքում հատուկ երկար ճառ չեմ ասել, որ հետո չասեք՝ տոն օրը քանդեց, եկավ մի երկու լոլո կարդաց գնաց: Փորձել եմ ձեր հարցերին պատասխանել: Ձեր տոնը շնորհավոր, լավ տրամադրություն»: