Զարուհի Փոստանջյանը հայտարարեց քաղաքական նոր պլատֆորմ ստեղծելու մասին
«Մարտի 15-ին համագումար ենք հրավիրելու՝ ներկայացնելու քաղաքական նոր պլատֆորմ: Նախաձեռնում ենք Հայաստանի մի խումբ քաղաքացիներով, ովքեր քաղաքական մարդիկ են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ պլատֆորմը միտված է ողջ հայության համախմբմանը, ողջ հայության քաղաքական իրավունքների իրացմանը. «Մեզանում մեր հայրենակիցները այսօր զրկված են իրենց քաղաքական իրավունքների լիարժեք օգտվելուց, լիարժեք հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին, որն էլ իր հերթին հանգեցրել է արատավոր երևույթների: Մեր քաղաքացիները, ըստ էության, զրկված են քվեարկելու հնարավորությունից, ողջ աշխարհով մեկ սփռված լինելով չեն կարող օգտվել այդ իրավունքից: Եթե օգտվեն, պետք է ժամանեն Հայաստան, միայն այստեղ կարող են գնալ ընտրատեղամաս, իսկ օտար երկրներում ընտրատեղամասեր չեն բացվելու, իսկ էլեկտրոնային համակարգով նրանց այդ իրավունքը իրացնել հնարավոր չէ»:
«Պլատֆորմը միտված է լինելու նրան, որ սփյուռքահայերին ընտրելու, ընտրվելու իրավունքի մատչելիություն տրվի, մասնակցեն քաղաքական կյանքին, ունենանք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ մեր բոլոր քաղաքացիների մասնակցությունն ընտրական գործընթացներին դարձնի մատչելի»,- ասաց նա՝ հավելելով, որ մի քանի սահմանադիր օրենքներ ընդունելով, նոր ԸՕ, ԱԺ կանոնակարգ օրենք ընդունելով՝ խնդիրը կարող են լուծել:
Զ. Փոստանջյանի խոսքով, այսօր շատ է խոսվում ներգրավվելու սփյուռքահայերի կարողությունները Հայաստանի զարգացման հարցում, բայց միաժամանակ նրանց չեն տրվում քաղաքական, քաղաքացիական իրավունքներ:
«Այս 25 տարիների ընթացում բացն առկա է, որևէ մեկը քաղաքական պլատֆորմ այս մասով չի առաջարկել: Ձևավորվող պլատֆորմը միտված է լինելու լուծելու այս խնդիրը, ինչպես նաև այլ խնդիրներ, որոնք առկա են հայ ժողովրդի առջև, առկա են որպես մարտահրավեր»,- ասաց նա:
Զ. Փոստանջյանը նշեց, որ պլատֆորմը միանշանակ մասնակից է լինելու քաղաքական գործընթացներին, նաև հետընտրական քաղաքական գործընթացներին:
Նա ասաց, որ նախաձեռնությունը կդառնա համակարգային կառույց, կուսակցություն:
Հարցին, թե ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ինչպե՞ս է մասնակցելու պլատֆորմը, նա ասաց, որ երբ պլատֆորմը դառնա համակարգային կառույց, իր հայտարարությամբ, նախաձեռնությամբ հանդես կգա:
Պատասխանելով հարցին, թե ո՞վ է ֆինանսավորում, նա նշեց. «Տնտեսապես անկախ մեր հայրենակիցները»:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյանն այլևս «Ժառանգություն» խմբակցության անդամ չէ
- Դժվար որոշում էր. Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգություն»-ից հեռանալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին