Վիգեն Սարգսյան. Հիմնական հարցը մեր սպառազինության, անվտանգության, պատրաստակամության հարցն է
«Ձեր ժպիտից, բարի խոսքից է կախված մթնոլորտը: Դուք եք ձևավորում մթնոլորտը և օջախներում, այն այն մեծ օջախում, որ կոչվում է Հայաստան: Այդ մթնոլորտը շատ կարևոր է: Առանց հավատքի, տրամադրության ու ոգևորության մենք որևէ տեղ չենք հասնելու»:
Արմավիր քաղաքի մշակույթի տան հարակից հրապարակում քաղաքի ու հարակից համայնքների բնակչության հետ նախընտրական հանդիպման ժամանակ դիմելով կանանց՝ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա կանանց մաղթեց երջանկություն ու բարօրություն:
Հիշեցնենք, Վ. Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ համապետական ընտրական ցուցակը:
Նա շնորհակալություն հայտնեց մարզի ազատամարտիկներին, որոնց ջանքերով ձևավորվել է առաջին պահեստազորային գունդը:
««Սև հովազ»-ն այսօր էլ առաջնագծում մարտական հերթապահություն է իրականացնում, փառք ու պատիվ մեր բոլոր ազատամարտիկներին: Խոնարհվելով ձեր նվիրվածության առաջ, ուզում եմ իմանաք, որ ազգ-բանակ ասելով առաջին հերթին հենց դա ի նկատի ունեմ: Նկատի ունեմ մարդկանց, ովեր իրենց շահից առաջ դնում են պետության շահը»,-ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ մինչ ելույթ ունենալը հանդիպել է մարզի ազատամարտիկների հետ, բազմաթիվ խնդիրներ են հնչեցրել, հարցեր են քննարկվել:
«Հիմնական հարցը մեր սպառազինության, անվտանգության, պատրաստակամության հարցն է: Ուզում եմ, որ իմանաք՝ օր օրի մեր բանակը դառնում է ավելի ու ավելի ամուր, մենք ունենք դրա համար բոլոր նախադրյալները, մենք բանակ սիրող ժողովուրդ ենք, խաղաղություն սիրող ժողովուրդ ենք և ունենք գերագույն-գլխավոր հրամանատար, որը մինչև վերջին զորամաս անուն առ անուն գիտի բոլոր հրամանատարներին, գիտի բոլորի կատարած աշխատանքը, անցած ճանապարհը, գիտի բանակի դերն ու նշանակությունը»,-ասաց նա:
Նա կոչ արեց ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. «Այն ուժին, որն ընտրություններին գալիս է մեր երկրի համար ամենաառանցքային կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց»»:
Անդրադառնալով հնչած քննադատություններին, թե կարգախոսներից հետո ի՞նչ է փոխվել, Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի օրինակը:
«Այս հինգ տարում մենք կարողացել ենք ունենալ Սահմանդրություն, որը միջազգային բոլոր փորձագետների կարծիքով, ամենաբաց և հասարակություն ձևավորող Սահմանդրություն է: Մենք ստեղծել ենք մի համակարգ, որի մասին մեր ընդդիմախոսները երազում էին, բայց հույս չունեին, որ կարող է իրականանալ: Եվ հենց Հանրապետական կուսակցությունը առաջ բերեց այս նախագիծը և ձեր քվեով այն դարձեց իրականություն ու օրենք, որը այսօրվա ընտրությունների կարևորությունն է թելադրում»:
Սարգսյանը նշեց, որ իրենք այս ընտրություններին մասնակցում են ուժեղացած ու արդիականացված լուրջ թիմով:
«Մի թիմ, որն այսօր չունի մրցակից, իմ խորին համոզմամբ, մեր երկրում: Մի թիմ, որտեղ թե կրթական բարձր ցենզի, թե անցած ճանապարհի, թե գործածար աշխարհում, թե պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներ են հավաքված»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք գիտենք, որ ունենք բացթողումներ. Արփինե Հովհաննիսյան
- Վստահ եղեք, որ մենք լավ երկիր դառնալու շանս ունենք. Կարեն Կարապետյանը՝ էջմիածնեցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին