«Բարսելոնը» կատարեց անհնարինը
Կատալոնյան «Բարսելոնը», հավանաբար, լավագույն «քամբեքը» կատարեց Չեմպիոնների լիգայի պատմության մեջ՝ քառորդ եզրափակիչ մտնելով այն դեպքում, երբ 1/8 եզրափակչի արտագնա առաջին խաղում զիջել էր 0։4 հաշվով։
«Բարսելոնը» լիովին տնօրինում էր խաղադաշտում և առաջին խաղակեսում արդեն լուրջ հայտ ներկայացրեց՝ մտնելու հաջորդ փուլ։ Լուիս Սուարեսը 3-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 40-րդ րոպեին Կուրզավայի ինքնագոլից հետո «Բարսելոնը» հաղթում էր արդեն 2։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսի սկզբում Մեսսին իրացրեց 11 մետրանոց հարվածը, որը նշանակվել էր Նեյմարի դեմ տուգանային հրապարակում կանոնների խախտման համար, սակայն 62-րդ րոպեին Էդինսոն Կավանիի խփած գոլը, թվում էր, ի չիք դարձրեց կատալոնցիների բոլոր ջանքերը։
Ի պատիվ «Բարսելոնի», պետք է շեշտել, որ չհանձնվեց, չնայած ամեն ինչ պետք է սկսեին զրոյից ու ևս 3 գոլ խփեին։ Եվ դա հաջողվեց նրանց։ Նեյմարը 88-րդ և 90-րդ րոպեներին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակի 5-րդ րոպեին Սերխի Ռոբերտոյի խփած գոլը կատալոնցիներին դուրս բերեց քառորդ եզրափակիչ։