Ձյուդոյի ՀՀ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայում
Ձյուդոյի մեծահասակների հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայի Նիմբուրգ քաղաքում` «Դեպի ոսկին» օլիմպիական մարզումային ճամբարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Սա Ձյուդոյի Եվրոպական Միության նախագիծն է, որը մեկնարկել է 2010 թ. և նպատակ ունի օգնել եվրոպական լավագույն մարզիկներին` նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:
2010-2012 թթ. 273 ձյուդոիստ Եվրոպայի 37 ֆեդերացիաներից աջակցություն են ստացել ԵՁՄ-ի կողմից` 16 մարզումային ճամբարների ընթացքում:
Եվրոպական ձյուդոիստների հաջող մասնակցությունը Լոնդոնի և Ռիոյի Օլիմպիական խաղերին առիթ է հանդիսացել, որ ԵՁՄ-ի ղեկավարությունը որոշում կայացնի շարունակել այս ծրագիրը` ընդգրկելով հեռանկարային երիտասարդների, որոնք աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ են իրենց տարիքային խմբերում: