Անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ՝ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախ բարձրացնում են էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին:
Վարչապետը ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու նպատակով հանձնարարեց՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարին հնգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, Հայաստանի ՀԷՑ և «Վիոլիա ջուր» ընկերություններին առաջարկել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշիանության պետական կոմիտեի և համայնքների ղեավարների հետ պարբերաբար համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ՝ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ:
Բացի այդ, ՀՀ քաղաքաշիանության պետական կոմիտեին էլ հանձնարարվեց հնգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճեները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին, և ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը: