Հասարակությունը, ի դեմս ՕՐՕ դաշինքի, տեսնում է այլընտրանք. Արմեն Մարտիրոսյան
«Այն, ինչ տեսնում ենք մարզերում, իսկապես ևս մեկ անգամ համոզում է, որ պետք է փոփոխություններ իրականացնենք: Ժողովուրդը, ըստ էության, իշխանությունից լքված է, իր խնդիրների հետ՝ դեմ հանդիման»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ խնդիրների լուծման ուղիները նվազագույն են, դրա համար որպես լուծում տեսնում են արտագաղթը:
Ասուլիսին ներկա դաշինքի անդամ Էլինար Վարդանյանն ասաց, որ արտագաղթի պատճառ է նաև համատարած արդարության պակասը:
«Բազմաթիվ հարցումներ ցույց են տվել, որ մարդիկ հեռանում են Հայաստանից նաև արդարության պակասի պատճառով: Մեր հասարակությանը պետք է տալ հնարավորություն, ազատություն՝ ապրելու, արարելու, գործելու: Այսօր այդ ազատությունից հասարակությունը զրկված է»,- նշեց նա:
Խոսելով իրենց ծրագրի դեմոգրաֆիկ խնդիրներին ուղղված դրույթներից, Է.Վարդանյանն ասաց, որ միանվագ նպաստները հնարավորություն են տալու ընտանիքներին երեխաների ծնունդից հետո նպաստների միջոցով գոնե մեծամասամբ լուծեն այն խնդիրները, որոնք ունենում են:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հասարակության վերաբերմունքն իրենց նկատմամբ բացասական չէ, ինչպես փորձում են ներկայացնել տարբեր անձիք, քաղաքական միավորներ:
«Միանշանակ կարող եմ ասել՝ դա այդպես չէ, հասարակությունը, ի դեմս դաշինքի, տեսնում է այն այլընտրանքը, որ կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է սոցիալական հարցումների, մասնավորապես Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության, որի հարցումների համաձայն դաշինքը չի անցնի խորհրդարան, Ա. Մարտիրոսյանն ասաց, որ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը ինչպես իրենց, այնպես էլ իշխանության պահով:
«Քաղաքագիտական տրամաբանության շրջանակում՝ ներկայանալի ներկայություն կունենանք խորհրդարանում: Բացի ՀՀԿ-ից, մենք մնացած բոլոր գործընկերի հետ պատրաստ ենք լինելու համագործակցության: Այս իշխանությանը թողել ևս մեկ անգամ վերարտադրվել, ուղղակի մահացու է պետության համար»,- նշեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավին չի մասնակցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ցանկացած պահի Ր. Հովհաննիսյանը կարող է միանալ իրենց, այս պահին ԱՄՆ-ում է՝ գործնական հանդիպումների:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանափոխությունն անխուսափելի է. Վ.Օսկանյան
- Ս.Օհանյան. Թարմ աչք է պետք
- Ս. Օհանյան. Մերժել եմ բոլոր այն պաշտոնները, որոնք առաջարկվել են
- Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ, պարզապես լուծողներ են պետք. Ս.Օհանյան
- «Հերի՛ք է». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը