Մյուլլեր. «Ժամանակակից ֆուտբոլը կրկես է, իսկ ֆուտբոլիստները՝ ապրանք»
«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին չեն հիացնում ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումները։ Նա դժգոհել է այն բանից, թե ինչպես է ֆուտբոլը փոխվում վերջին տարիներին։
«Ֆուտբոլիստներն արդեն վաղուց ապրանք են դարձել, սակայն հիմա նրանց համար առասպելական գումարներ են առաջարկում,- Մյուլլերի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» 105 մլն եվրո վճարեց Պոգբայի տրանսֆերի համար։ Մեկ տարի առաջ մոտավորապես այդքան գումար էին առաջարկում ինձ համար։ Դա աբսուրդ է։ Ոչ մի ֆուտբոլիստ արժանի չէ նման գումարների, սակայն ողբերգությունը նրանում է, որ շատերը վարակվում են «ոսկե տենդով» և մտածում միայն այն մասին, թե ինչպես ավելի թանկ վաճառեն իրենց։ Ես նրանցից չեմ։ Ինձ համար կարևոր է լինել կոլեկտիվում, որում հարմարավետ եմ ինձ զգում, խաղալ ու օգնել մյուսներին՝ նվաճելու մրցանակներ։
Բացի այդ, հիմա ամեն ինչ արվում է այնպես, ինչպես հանրությունն է ուզում։ Եթե մարդիկ ցանկանում են ամեն ինչ իմանալ ֆուտբոլիստների կյանքի մասին, ապա նրանց պահանջը բավարարելու համար շուտով տեսասարքեր կտեղադրեն հանդերձարաններում։ Սա ինչ-որ կրկես է։ Բայց ես չեմ մասնակցի դրան, չէ՞ որ ինչ-որ սուրբ բան պետք է որ լինի։ Հենց հանդերձարաններում տեսասարքեր դնեն, ես անմիջապես խաղակոշիկներս կկախեմ մեխից»։