Մենք ցանկանում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական լուծում. Ֆրանսուա Օլանդ
Ելիսեյան պալատում նախօրեին կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև համատեղ հայտարարություններով:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ներկայացրել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով.
«Ինձ համար հաճույք է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նա բազմիցս արդեն այցելել է այստեղ՝ Ելիսեյան պալատ։ Բայց այսօրվա այցը կրում է առանձնահատուկ խորհրդանշական բնույթ, քանի որ լրանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Բացի այդ այսօր Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, և ես գիտեմ, որ այն Հայաստանում տոնական օր է: Դա ցույց է տալիս այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է կանանց իրավունքների պաշտպանությանը:
Այս այցը առիթ է հիշեցնելու Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ուժը և փոխադարձ բարեկամությունը։
Բարեկամություն, որը մի կողմից ամրապնդված է այստեղ՝ Ֆրանսիայում հայկական ծագումով մեր հայրենակիցների ներկայությամբ: Բայց միևնույն ժամանակ փոխադարձ, որովհետև մենք արդեն երկար ժամանակ է, ինչ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը, և դա մեր կողմից հաստատումն էր առ այն, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել մի ժողովրդի ոչնչացումը, որը մի պետության կամ մեկ այլ ժողովրդի վրեժխնդրության թիրախ է դարձել։
Հայոց ցեղասպանության այդ ճանաչումը մենք դիտարկել ենք որպես խաղաղության հաստատման միջոց. խաղաղություն հիշողության հետ, ինչպես նաև խաղաղություն երկրների միջև։ Մենք մշտապես ցանկացել ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը ընդգրկել ավելի գլոբալ գործընթացի մեջ, որով մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր հանցագործություններին, որ, ցավոք, հնարավոր է իրականացվեն՝ մարդկության դեմ և ռազմական հանցագործություններին։ Ահա թե ինչու մենք ցանկացանք ունենալ նաև օրինագիծ, որը կընդունվեր և կկարողանար պատժել նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության գոյությունը:
Մեր բարեկամությունը նաև ունի փոխադարձ բնույթ, քանզի կան հարաբերություններ, որոնք Հայաստանի անկախությամբ կարևոր զարգացում ապրեցին, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում․ բազմաթիվ ֆրանսիական ձեռնարկություններ ներդրումներ են կատարել Հայաստանում այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցությունը, ծառայությունների ոլորտը և այլն: Բայց մենք կարծում ենք, որ մենք կարող ենք անել ավելին և այդ նպատակով է, որ Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԵԴԵՖ-ի հետ, և նաև այս երեկո՝ պետական ճաշի ժամանակ, կհաստատվեն նոր շփումներ՝ հետագա ներդրումներ խրախուսելու նպատակով։ Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանը կարևոր հարաբերություններ ունի իր հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ: Հատկապես, Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ուստիև կարող է ունենալ սերտ առևտրային հարաբերություններ այդ միության անդամ հանդիսացող պետությունների հետ: Նույն կերպ, ինչպես Հայաստանը կապված է Եվրոպայի հետ և այսօր բանակցում է շրջանակային համաձայնագրի շուրջ:
Մենք նաև անդրադարձել ենք համալսարանական և մշակութային կապերին, կարևոր համաձայնագրեր են ստորագրվել։ Դուք գիտեք, որ Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարան, որը համաձայնագրեր ունի ֆրանսիական գիտական և համալսարանական հեղինակավոր հաստատությունների հետ, իսկ այսօր էլ ավելացվել է նորը։ Այդ համաձայնագրերը կարող են Հայաստանի տրամադրության տակ դնել մեր տաղանդը, ինչպես և մենք ենք ցանկանում ընդունել ավելի ու ավելի հայ ուսանողներ։ Առկա է նաև լինգվիստիկ կապ․ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության անդամ է և պատրաստվում է 2018 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր պատասխանատվություն է, որն այս շրջանում Հայաստանը հանձն է առել:
Մենք նաև անդրադարձել ենք քաղաքական հարաբերություններին, հատկապես Ֆրանսիայի հնարավորինս օգտակար լինելու առումով:
Հիշատակել ենք, որ Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և մենք ցանկանում ենք աշխատել հանգուցալուծում գտնելու ուղղությամբ: Նախ, որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին և ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, որպեսզի ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը:
Եվ, այնուհետև, մենք ցանկանում ենք գտնել քաղաքական լուծում, և Ֆրանսիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունն Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ անհրաժեշտ տևական լուծում գտնելու հարցում:
Ցանկանում եմ նշել, որ Նախագահ Սարգսյանի այցն առանձնահատուկ սպասված է, նա լավագույնս հյուրընկալվելու է ոչ միայն Փարիզում, այլ նաև Լիոնում, որտեղ առկա են բազմաթիվ կապեր այդ ռեգիոնի և Հայաստանի միջև։ Պետք է ընդգծել, որ շատ սերտ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացվում Ֆրանսիայի բոլոր շրջանների կողմից՝ վերջիններիս հայկական գործընկերների հետ:
Ցանկանում եմ ավարտել խոսքս՝ անդրադառնալով մի իրադարձությանը, որն ինձ համար շատ կարևոր էր ու հուզիչ․ Հայոց ցեղասպանության՝ այդ ահավոր ողբերգության 100-րդ տարելիցի միջոցառումները, որի ժամանակ ես Երևանում էի և իմ ներկայությամբ հաստատեցի, որ Ֆրանսիան շարունակելու պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ
- Փարիզում կայացել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
- ՀՀ նախագահ. Փարիզում առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը՝ կենսակերպ
- Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ
- Սերժ Սարգսյան. Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում
- Սփյուռքը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրման հուսալի և ամենաարդյունավետ կամուրջ է. ՀՀ նախագահ
- Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն
- Սերժ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան