Վահե Գուլանյան. Սևանը տարիներ շարունակ փետրվարի կեսերին սառում է, մարտի վերջին բացվում
Սևանա լիճն առաջին տարին չէ, որ ամբողջությամբ սառցակալում է: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Գուլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ լճի մակերևույթը պարբերաբար ամբողջությամբ սառցակալել է:
«Սա ոչ բացառիկ, ոչ էլ նոր երևույթ է: Երկու տարի առաջ էլ էր սառել այսպես: Սևանա լիճը սովարաբար փետրվարի կեսերից սառում է, մարտի վերջին բացվում»,-ասաց Գուլանյանը:
Նա բացատրեց՝ լճի մակերևույթի սառցակալման համար բարենպաստ պայմաններ են ցածր ջերմաստիճանն ու քամիների բացակայությունը:
«Եթե թույլ քամիներ կան, լիճը սառցակալում է -15 - -30 աստիճան ցրտի դեպքում, եթե ընդհանրապես քամի չկա, -10-ն էլ հերիք է, որ սառցակալի: Երբ կան քամիներ, այն ջրի մակերևույթի վրա շարժ է առաջացնում, խորքային տաք ջրերը խառնվում են մակերևութային սառը ջրերի հետ, ստացվում է դրական ջերմաստիճանով ջուր, ինչի հետևանքով չի սառում»,-ասաց տնօրենի պաշտոնակատարը:
Նա չի հասկանում, թե ինչու է լճի սառցակալումն այս տարի նման մեծ արձագանք ստացել, ենթադրում է, որ լրագրողները երիտասարդ են, չեն տեսել կամ հիշում լիճը սառցակալած վիճակում, հնարավոր է անցորդներն են շատ եղել:
«Տարբեր հատվածներում սառույցի շերտի հաստությունը տարբեր է, առափնյա հատվածներում հասնում է 15-20 սմ-ի: Սակայն այնպես չէ, որ լճի մակերևույթն ամբողջությամբ է սառցակալած, չի կարող նման բան լինել: Ջրի ընդարձակումների ու կրճատումների հետ պարբերաբար սառույցը բացվում է, հետո նորից սառցակալում, այսինքն՝ արձագանքում է լճի ծավալների փոփոխություններին»,-ասաց Գուլանյանը:
Գուլանյանի խոսքով, լճի սառցակալումը բոլոր առումներով դրական է ազդում ձկան պաշարների պահպանության վրա՝ և´ որսագողության, և´ ձկները որպես կեր չօգտագործելու առումով:
«Ջրի պահպանության տեսանկյունից սա ևս խիստ դրական է: Սառցակալած վիճակում ամեն օր մեկ մլրդ լիտր ջուր է տնտեսվում՝ գոլորշիացում չլինելու հետևանքով: Իսկ Սևանում հիմնական գոլորշիացումը տեղի է ունենում ձմռան ամիսներին, երբ օդի ջերմաստիճանը ջրի ջերմաստիճանից ցածր է լինում»,-մանրամասնեց մասնագետը:
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, ով մասնագիտութմաբ կենսաբան է, միանշանակ չի ընդունում այն լուրերը, որը լճի սառցակալման հետևանքով թռչուններ են անկել:
«Ես ասացի, որ տարիներ շարունակ լիճը սառցակալել է, և դա նորություն չէ թռչունների համար, էվոլուցիայի ողջ ընթացքում այդ թռչուններն ապրել են այդտեղ, հարմարվել են կլիմային: Թռչունների անկում, իհարկե, կարող է լինել, բնական երևույթ է»,-ասաց նա:
Հնարավո՞ր էր կանխել թռչունների անկումը: Մասնագետի խոսքով, եղել են առաջարկներ սառույցը կոտրելու մասին:
«Նախ ո՞վ է ջարդելու: Դա վտանգավոր բան է: Նույնիսկ միջազգային վարկի լողորդները մի քանի րոպե չեն կարող դիմանալ այդ սառը ջրում: Մի քանի վայրկյանի ընթացքում առաջանում է արյան զեղում, անոթների կոծկում, մարդիկ ինֆարկտ են ստանում: Եվ հետո՝ իմա՞ստը»,-ասաց նա:
Նա հարցադրում արեց, թե՝ , իսկ ով գիտե, որ նախորդ տարիներին, երբ լիճը սառցակալած չէր, թռչուններ չեն սատկել, կա գոյության կռիվ, բնական պրոցես է:
«Գոյության կռվում բնությունն ընտրում է այն կենդանիներին, ովքեր այդ միջավայրին հարմարեցված են: Մեծ ծավալների անկում չի եղել, որ մասնագետների ու քաղաքացիների անհանգստությունը շարժի: Մենք բոլորից շատ ենք մտածում, անհանգստանում, եթե խնդիր տեսնենք, անմիջապես դրա դեմ միջոցներ կձեռնարկենք»,-ասաց նա:
Կենսաբանը նաև բացատրեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում պետք է մարդու միջամտությունը հասցնել նվազագույնի:
«Պետք է թողնենք, որ բնական պրոցեսները սպոնտան ընթանան: Եթե սառույց էլ չկա, այդ անկումը նորից կա: Հնարավոր է անկածները լինեն թույլ ու հիվանդ առանձնյակներից: Մասայական անկման մասին խոսք չկա: Մենք ահազանգ ենք ստացել սև փարփարի անկման 1-2 դեպքի մասին, մենք դա չենք տեսել: Չենք բացառում, որ նման բան հնարավոր է, բայց դա բնական երևույթ է ու կարող է սառցակալման հետ կապ չունենալ: Եթե մեծաքանակ անկման դեպքեր լինեին, բա մենք ո՞ւր էինք կամ ո՞ւր էինք նայում»,-ասաց Գուլանյան:
Նա նշեց, որ այսօր թռչունները հավաքվում են հարակից լճակների մոտակայքում, որսագողության դեպքերը բացառելու համար ոստիկանության Մարտունու բաժնի հետ մշտական հսկողություն է սահմանված, ամենօրյա հերթապահություն է իրականացվում:
Գուլանյանը դեմ է ջրային կենդանիներով սնվող թռչունների կերակրմանը, նախարարությունում էլ քննարկման ժամանակ, եթե նման առաջարկ լինի ու տարբերակ քննարկվի, ասում է՝ դեմ է արտահայտվելու:
«Սևանում արևոտ եղանակ է, դաշտերը բաց են, ձնածածկ չեն: Մենք մաքսիմալ պետք է խուսափենք թռչուններին մարդուն մոտեցնելուց: Երբ 1-2-3 կերակրեցինք, նրանց մոտ պայմանական ռեֆլեքս է առաջանում, դրանք կարող են հեշտությամբ դառնալ որսագողության օբյեկտ: Դա ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել թռչունների համար, չարժե թռչունին սովորեցնել, որ մարդն անվտանգ է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան