Մարկոս Պիզզելլի. «Մխիթարյանն առողջ սնունդ է օգտագործում, շուտ է պառկում, չի խմում…»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Քսանթիի» կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին «Матч ТВ»-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե կպատկերացնե՞ր արդյոք, որ իր թիմակից Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Դեռևս «Փյունիկում» էի հասկացել, թե որքան տաղանդավոր են Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը: Հենրիխն այն ժամանակ էլ լավն էր, սակայն նրան չէի տեսնում «Մանչեսթերում», քանի որ մյուսների ֆոնի վրա այնքան էլ չէր առանձնանում: Բայց «Մետալուրգ» տեղափոխվելուց հետո նրա մոտ լուրջ աճ գրանցվեց:
Մխիթարյանը շատ էր աշխատում իր վրա և ապացուցեց, որ արժանի է խաղալ մանկունյանցիների կազմում: Վաղուց գիտեմ Հենրիխին և տեղյակ եմ, որ նա իր կյանքը նվիրել է ֆուտբոլին: Ամեն օր մտածում է վաղվա օրվա մասին և լուրջ է վերաբերվում իր գործին: Նա միշտ առողջ սնունդ է օգտագործում, շուտ է պառկում, չի խմում, չի անում այնպիսի բան, որը վնաս կլինի իր մարմնին:
Ոչ բոլորն են Մխիթարյանի նման կարգապահ և ուժեղ բնավորությամբ: Այս մրցաշրջանում, երբ Մոուրինյոն նրան չէր վստահում, Հենրիխն ինձ գրել էր. «Չեմ եկել այստեղ պահեստայինների նստարանին նստելու համար: Ես պետք է նվիրվեմ և պատմություն կերտեմ: Ես պետք է խաղամ»,- պատմել է Մարկոսը: