Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է
Երիտասարդ ռեժիսոր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է, ցուցադրվում է երևանյան կինոդահլիճներում:
Նշենք, որ ֆիլմը նախքան հայաստանյան հանդիսատեսին ներկայացնելը, արդեն մի քանի մրցանակների է արժանացել. «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակագում արժանացել էր «Ոսկե ծիրանի», Տորոնտոյում 11-րդ ամենամյա «Նուռ» փառատոնում (POM- Pomegranate Film Festival)՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», Հայկական ազգային կինոակադեմիայի կազմակերպած «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունում:
Բարի լույս» ֆիլմը երիտասարդ ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Հրազդանում: Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աննա Արևշատյանն ասել էր. «Ֆիլմը 1990-ականների մասին է, մեր առօրյան է, փորձել ենք պատասխաններ գտնել իմ հասակակիցների հիշողություններում»:
Երբեմն ամենակարևոր պատասխաններն այնտեղ են, որտեղ մանկական հիշողությունները բախվում են ինքդ քեզ բացահայտելու և ընդունելու հետ: Խճճվելով ինքն իր մեջ՝ Արշակը պատասխաններ է փնտրում մանկության հուշերում: Նա այնքան մոտ է ինքն իրեն ընդունելուն, որքան մոտ է շջապտույտներով վազքին: Ի՞նչ կընտրի նա, և ինչպե՞ս պիտի 90-ականների մասին հիշողությունները սահմանեն նրա կյանքը:
Պատմությունը լրագրողի մասին է, որը մասնագիտական հակամարտության մեջ է այն հեռուստաընկերության հնազանդ և ստրկացած վարչակազմի հետ, որտեղ աշխատում է: Կորցնելով աշխատանքը՝ նա համակվում է անկարողության և մեղքի զգացումով իր ընտանիքի առջև: Կինն անդադար փորձում է համոզել, որ արտագաղթեն, ինչը նրան ստիպում է վերջնական որոշում կայացնել: Սա հեշտ որոշում չէ, այնպես որ նա պետք է հակադրվի սեփական ես-ին. այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ամբողջ կյանքում, փլվել են, իսկ ապագան անորոշ և մշուշոտ է: Հորը տեսնելու սուր ցանկությունը նրան տանում է սահմանային այն գյուղը, որտեղ ապրում է հայրը:
Ծնողների տան ճանապարհին երևան են գալիս նրա մանկության հուշերը 90-ականների դժվարին ժամանակների մասին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր: Առերեսումը սեփական անցյալի հետ օգնում է նրան վերագտնել իրեն և ճիշտ որոշում կայացնել:
Հարակից հրապարակումներ`
- «Անահիտ»-ի հաղթողները հայտնի են
- «Ոսկե ծիրան»-ի ոսկե և արծաթե ծիրանները հայտնի են
- 1990-ականների դժվարին ժամանակները «Ոսկե ծիրանում»՝ «Բարի լույս»