365 օրվա ընթացքում քաղաքացին տարբերությունը տեսնելու է. Արմեն Մարտիրոսյանը՝ ՕՐՕ-ի ծրագրի տնտեսական դրույթների մասին
Հայաստանում տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է , այլ ենթարկվում է քաղաքական որոշումներին: Այս մասին այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած «Քարոզարշավ բոլորի համար» քննարկման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:
Իրենց ծրագրի տնտեսական դրույթները ներկայացնելիս նա նախ նշեց՝ Հայաստանում կա՞ տնտեսություն առանց քաղաքականության:
«Երբ մաքսային կետերում տնտեսվարող սուբյեկտներին թույլ չեն տալիս ապրանք ներմուծել, սպասեցնում են մինչև ապրանքը փչանում է, կամ ապրանքներ ներմուծելու թույլտվություն են տալիս, բայց հնարավորություն չեն տալիս իրացնել, հետո ստիպում են ինքնարժեքից էժան տալ այն մոնոպոլիստին, որը տվյալ ոլորտը ղեկավարում է: Արդյոք սրանք քաղաքական հարցեր չե՞ն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է , այլ ենթարկվում է քաղաքական որոշումներին: «Ընդհանրապես աշխարհում ընդունված է ասել՝ քաղաքականությունը խտացված տնտեսությունն է, բայց Հայաստանի դեպքում հակառակն է: Հիմա բազմաթիվ տնտեսվարողներ կունենայինք տարբեր ոլորտներում, բայց քանի որ քաղաքական որոշում եղավ, որ մոնոպոլիստներ պետք է լինեն՝ ուժային, օրենսդրական լծակներով, գործադիր քայլերով բերեցին և դաշտը դարձրեցին մոնոպոլ, օլիգարխիկ»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է իրենց Դաշինքի տնտեսական դրույթներին, Արմեն Մարիտիրոսյանն ասաց, որ ծրագրում կան դրույթներ և ՓՄՁ-ների, և հանքարդյունաբերության, և թեթև արդյունաբերության, և գյուղատնտեսության, և ՏՏ ոլորտի մասին:
Փոքրի ու միջին բիզնեսը զարգացնելու համար, ըստ նրա, ՕՐՕ-ն առաջարկում է մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների համար նախատեսել հարկային արձակուրդ 5 տարով: Նա նշեց, որ այսօր փոքր և միջին բիզնեսը բյուջեի եկամուտների 1,5 տոկոսն է ապահովում: «Բայց սրա փոխարեն մենք ունենալու ենք մի հսկայական շերտ քաղաքացիների, որոնք ոլորտը կզարգացնեն: Բացի այդ, փոքր և միջին բիզնեսի զարգացումն իր հերթին կբերի արտագաղթի տեմպերի կնվազեցմանը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Խոսելով հանքարդյունաբերությունից՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ համարի ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը սահմանափակվում է հանքաքարի վերամշակումով: «Մենք կողմ ենք, որ ամբողջական ցիկլ լինի, ինչի դեպքում բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեն: Բայց այդ, կարևորում ենք կլաստերների ստեղծումը»,- ընդգծեց նա:
Միջոցառումը վարող «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը Արմեն Մարտիրոսյանին հարցրեց, թե իրենք քաղաքական ուժի ներկայացուցիչները քարոզարշավի ժամանակ նշում են, որ «365 օրվա ընթացքում երկիրը կարող են դուրս բերել այս իրավիճակից»:
«Եթե սա պոպուլիզմ չէ, ապա կոնկրետ որ հարցերը կլուծեք, ինչպես է հնարավոր 365 օրվա ընթացքում երկիրը հանել այս ճգնաժամից: ՀՀԿ-ն չի կարողանո՞ւմ »,- հարցրեց Սաթիկ Սեյրանյանը:
Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն ոչ թե չի կարողանում, այլ ամեն ինչ հակառակն է անում: «Ասում եք պոպուլիզմ, կարծում եմ՝ ճիշտ չէ որակավորումը: Բոլոր բացասական երևույթներն առաջին հերթին ձևավորվում են սահմանում: Եթե մաքսակետերում սոխի անվան տակ պոմիդոր են ներմուծում, որը թույլ չի տալիս ջերմոցային տնտեսությունները զարգանալ, դրա պոպուլիզմը ո՞րն է: 365 օրը նշանակում է, որ ամենօրյա փոփոխություններ են լինելու և մեր քաղաքացին ամեն օր որոշակի տարբերություն տեսնելու է: Խոսքը նրա մասին չէ, որ 365 օրվա ընթացքում բոլոր խնդիրները լուծվելու են, բայց այդ ընթացքում քաղաքացին այդ տարբերությունը տեսնելու է»,-ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական դրույթները՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում
- ԼՂ հիմնախնդրի լուծման տարբերակները՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան