Պատռել են «Ելք»-ի թեկնածուի պաստառը
Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում «Ելք» դաշինքի կողմից տարածքային ցուցակում ներառված Սոֆյա Հովսեփյանի՝ Արթիկ քաղաքի էլեկտրասյուներից մեկին փակցված քարոզչական պաստառը պատռել են:
Թեկնածուն Panorama.am-ին ասաց, որ խնդրի մասին տեղյակ է պահել քաղաքապետարանի ներկայացուցիչներին, ահազանգելու է ոստիկանություն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 16:30-ից-17:00-ն ընկած հատվածում:
«Ոստիկանությունը պարտավոր է հսկել, քանի որ նրանք են այստեղ շրջում: Տասը րոպեի ընթացքում է կատարվել: Փակցրեցի, բարձրացա վերև, որպեսզի գտնեմ փակցնելու հարմար տեղեր, մինչև վերադարձա, պատռել, շպրտել էին գետնին, հենց դեմքի մասն էին պատռել: Համոզված եմ, որ միտումնավոր է արվել»,-ասաց նա:
Թեկնածուի խոսքով, Արթիկում վախի մթնոլորտ ու վերահսկողություն կա, մարդիկ հրաժարվում են նույնիսկ բուկլետները վերցնել: Նա վստահ է, որ դա մրցակից գործիչների ձեռքի գործն է, հստակ ասել, թե որ ուժի ներկայացուցիչները կամ կողմնակիցներն են արել, դժվարանում է:
«Այդտեղ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի շտաբերն են, վերահսկողությունը կարող էր նրանց կողմից լինել»,-կարծիք հայտնեց նա:
Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցչի հետ հանդիպմանը պատգամավորի թեկնածուն պահանջել է հատկացնել գովազդային վահանակներ, որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառները:
«Ամբողջ քաղաքում նման վահանակներ չկան: Բայց ես չեմ պատրաստվում պատերի վրա փակցնել, բացի այդ ճիշտ չէ, գոյություն ունի օրենք ու նորմ: Քաղաքապետարանից ասացին, որ չունեն նման վահանակներ»,-ասաց կին թեկնածուն:
Ս. Հովսեփյանը հիմա շրջում է Արթիկի տարածքում, պարզելու եզակի դեպք է, թե էլի՞ կան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանաձորում պատռել էին դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառները: Դեպքին արձագանքել էին ԿԸՀ-ն, ոստիկանությունն ու Վանաձոի քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան