Մխիթարյան. «Խաղն այնքան էլ հետաքրքիր չստացվեց»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ռոստովի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 1։1 հաշվով արձանագրված ոչ-ոքին։ Մխիթարյանն ասպարեզ դուրս եկավ մեկնարկային կազմում և հաշիվը բացեց 35-րդ րոպեին՝ եզրափակելով Զլատան Իբրահիմովիչի կատարած գերազանց փոխանցումը։
«Ձգտում էինք հաղթել, բայց, հավանաբար, փոքր-ինչ կորցրեցինք կենտրոնացումը երկրորդ խաղակեսի սկզբում։ Խաղն այնքան էլ հետաքրքիր չստացվեց, սակայն մենք աշխատում էինք անել հնարավորը,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Մենք այնքանով լավ խաղացինք, որքանով հնարավոր էր նման խաղադաշտում։ Ես նույնիսկ չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետև այն նույնն է երկու թիմի համար և պարզապես սարսափելի վիճակում էր։
Առաջին խաղակեսն ավելի հանգիստ էր, որում, գոլից բացի, ոչինչ չկար։ Ուրախ եմ, որ հաջողվեց գոլ խփել։ Գոհ էինք, որ առաջ անցանք, սակայն մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, և ամեն ինչ փոխվեց։
Հայկական Սփյուռքն այստեղ բավական մեծ է։ Շնորհակալ եմ, որ եկել էին՝ աջակցելու ինձ։ Կարծում եմ՝ ինձ հաջողվեց նվեր մատուցել նրանց գոլի տեսքով»։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ռոստովի» միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին, «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում։